ԵՄ-ն չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը. Բորել
Եվրամիության երկրները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը Բրյուսելում ընթացող ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը արտգործնախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից առաջ:
«27 նախարարները տարբեր մոտեցումներ ունեն: (Խմբ. ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթի) առաջարկը քննարկվել է այն օրվանից, երբ մենք հայտարարել ենք դրա մասին, իսկ առաջարկը որոշում չէ: Առավոտյան ես կարծում էի, որ կարող ենք ասել, որ կա համաձայնություն, սակայն դա այդպես չէ», - ասել է Բորելը:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է, որ առայժմ տարաձայնություններ կան:
«Դեռ որոշ հարցեր կան համաձայնեցնելու. գուցե օրվա վերջում, գուցե վաղը, բայց չեմ կարող ասել, որ հեշտ է լինելու, քանի որ անդամ երկրները տարբեր տեսակետեր ունեն»,- ասել Է Բորելը:
ԵՄ-ն Մոսկվայի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթն ընդունել էր հոկտեմբերի 6-ին՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի կազմ ընդունելուն ի պատասխան: 8-րդ փաթեթը ներառում էր ծովով տեղափոխվող ռուսական նավթի գնի վերին շեմի սահմանում, արտահանվող և ներմուծվող ապրանքների սահմանափակումներ, ինչպես նաև պատժամիջոցներ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ: