Անհրաժեշտ է գտնել ժողովուրդների համակեցության նոր կոնսենսուս. Արարատ Միրզոյան
Ուժի կիրառումը արտաքին քաղաքական խնդիրների լուծման համար՝ որպես մոտեցում, որը դրսեւորվում է աշխարհի տարբեր անկյուններում եւ ուղեկցվում է նոր հակամարտությունների եւ պատերազմների սանձազերծմամբ, վկայում է անվտանգության համաշխարհային ճգնաժամի մասին։ Այս մասին «Ցեղասպանություն հանցագործության դեմ» 4-րդ գլոբալ համաժողովում դեկտեմբերի 12-ին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ակնհայտ է, որ ուժը միշտ եղել է միջազգային հարաբերությունների կարեւոր գործոն։
Առանց խաղաղ համակեցության, միջազգային իրավունքի եւ կարմիր գծերի համընդհանուր նորմերի, որոնք չեն ենթարկվում երկակի չափորոշիչների, մոլորակը չի կարող ընթանալ խաղաղության եւ զարգացման ուղիով։
Ոչ մի միջազգային համակարգ չի կարող կառուցվել բացառապես «ուժն է ծնում իրավունքը» սկզբունքի հիման վրա, որովհետեւ միշտ կա ուժեղից ուժեղը, եւ անգամ երկարատեւ պատերազմը չի կարող գրանցել ուժերի վերջնական ստույգ հարաբերակցություն։
Բազմակողմանիության ներկա ճգնաժամից հետո անհրաժեշտ է վերանայել միջազգային հարաբերությունները եւ գտնել նոր կոնսենսուս ժղովուրդների համակեցության համար։
Այսօր դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինեն այդ միջազգային կոնսենսուսի բոլոր տարրերը։ Բայց ակնհայտ է, որ ցեղասպանության եւ էթնիկ զտումների, կրոնական եւ ազգային խտրականության եւ ատելության անթույլատրելիությունը եւ դրանց կանխումը պետք է դառնան այդ կոնսենսուսի սյուներից մեկը։
Ինչպես առանձին անհատը, առանձին ազգը եւս անվտանգ կյանքի եւ իր ճակատագիրը տնօրինելու իրավունք ունի, եւ ոչ մի ուժ չի կարող խլել նրանցից այդ հավաքական եւ բնական իրավունքները։
Վերջին երկու տասնամյակում միջազգային հանրությունը ցեղասպանության կանխման նոր հնարավորությունների եւ մեխանիզմների ստեղծման մեծ աշխատանք է կատարել»,- ընդգծել է Միրզոյանը։
Արտաքին գործերի նախարարը նշել է Հայաստանի նախաձեռնած ցեղասպանության կանխման մասին բանաձեւի դերը, որը յուրաքանչյուր երկու տարին մեկ ներկայացվում է Մարդու իրավունքների խորհրդի շրջանակում, եւ որը զգալի ավանդ է ներդնում Ցեղասպանության կանխման կոնվենցիայի դրույթների կիրառելիության եւ պատիժների ապահովման, համապատասխան նորմատիվային բազայի ձեւավորման գործում։
«Այսօր մենք բախվել ենք նոր մարտահրավերների, ի հայտ են եկել նոր գործիքներ ցեղասպանությունների կանխման օրակարգի առաջմղման համար»,- նշել է Արարատ Միրզոյանը։