Մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում նպաստների վճարման անկանխիկ եղանակը կներդրվի 2024-ի հունվարի 1-ից
«Պետական նպաստների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ընտանեկան ու սոցիալական նպաստների, ինչպես նաև հրատապ օգնության վճարումը կատարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով, հիշեցնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Վճարող բանկն ընտրում է ընտանիքի չափահաս այն անդամը, ով ներկայացնում է համապատասխան նպաստ կամ հրատապ օգնություն նշանակելու դիմում:
Բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ նպաստ կամ հրատապ օգնություն նշանակելու դիմումը ներկայացնող ընտանիքի չափահաս անդամի 75 տարին լրացել է կամ նա ճանաչվել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ: Այս դեպքում նպաստ նշանակելու դիմումը ներկայացնող անձն ինքն է ընտրում վճարման եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ։
Համակարգը կներդրվի փուլերով. քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում 2023 թ․ փետրվարի 1-ից հետո նպաստ կամ հրատապ օգնություն նշանակելու դիմում ներկայացնելու դեպքում վճարման եղանակը կորոշվի՝ հաշվի առնելով դիմում ներկայացրած անձի տարիքը կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունենալու կամ չունենալու հանգամանքը։ Կանխիկ եղանակով ստացողները վճարման եղանակը փոխելու և բանկ ընտրելու համար կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության՝ բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն։
Եթե մինչև 2023 թ․ փետրվարի 1-ը ներկայացված դիմումների հիման վրա քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում նշանակված նպաստը կամ հրատապ օգնությունը 2023 թ․ փետրվարի 1-ից հետո կշարունակվեն վճարվել կանխիկ եղանակով և եթե չի ներկայացվի վճարման եղանակը փոխելու ու բանկ ընտրելու դիմում, ապա 2023 թ․ հուլիսի 1-ից գումարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ ծրագրային գործիքով ընտրված բանկի միջոցով։ Բացառություն կկազմեն այն անձինք, ում 75 տարին լրացել է, կամ նա ճանաչվել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ։
Մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում անկանխիկ եղանակը կներդրվի 2024 թվականի հունվարի 1-ից (գյուղերի ցանկը՝ ըստ բնակչության թվի, հաստատված է ՀՀ Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2058-Ն որոշմամբ):