Ադրբեջանը դիվանագիտական նոտա է հղել Ռուսաստանին
«Ադրբեջանական կողմը բազմիցս դիմել է խաղաղապահ զորամիավորման հրամանատարությանը, որպեսզի կանխի բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը Ադրբեջանի տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև վերացնելու բացասական ազդեցության հետևանքները շրջակա միջավայրի վրա։ Բազմաթիվ դեպքերում ադրբեջանական կողմի այս կոչերին պատասխան չի տրվել, խաղաղապահ զորախմբի կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել Ադրբեջանի բնական պաշարների ապօրինի շահագործումը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն, փոխանցում է Minval-ը։
Այխան Հաջիզադեն ասել է, որ Ադրբեջանի կողմից ստացված տեղեկատվության համաձայն, մասնավորապես, մեկ ոսկու և մեկ պղնձամոլիբդենային հանքավայրում աճում է «բնական ռեսուրսների անօրինական շահագործումը և թալանը, այդ թվում՝ բնապահպանական հետևանքների վատթարացումը».
«Այս տարվա դեկտեմբերի 3-ից բանակցություններ են ընթանում պետական համապատասխան կառույցների ներկայացուցիչների և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջև՝ ադրբեջանցի մասնագետների կողմից տարածք այցելելու և մոնիթորինգի մեթոդները որոշելու նպատակով։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, չնայած դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի ներկայացուցիչների փորձերին՝ այցելել այս երկու տարածքներ, որտեղ ապօրինի շահագործվում են օգտակար հանածոներ, այդ ուղեւորությունը կանխվել է։ Այն ֆոնին, որ ռուսական խաղաղապահ զորախումբը ոչ մի գործողություն չի ձեռնարկել, ուղեւորությունը կանխվել է տեղի բնակիչների նախապես ծրագրված գործողությամբ։
Այս իրավիճակի կապակցությամբ ԱՀ ԱԳՆ-ն համապատասխան նոտա է հղել ռուսական կողմին։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոտայում կոչ է արվում ապահովել Ադրբեջանի ներկայացուցիչների անարգել մուտքն այդ դաշտեր։ Ընդգծվել է, որ անընդունելի է նման ուղևորությանը խոչընդոտելը կամ որևէ պայման դնելը»,-նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։
«Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։
Հաշվի առնելով, որ առաջարկված ծրագիրը, սահմանված կարգով, համաձայնեցված չի եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է վերը նշված խմբի մուտքը հանքավայրերի տարածք։
Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով հավաքների վայրեր են մեկնել Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, որոնց կողմից տարված բանակցությունների արդյունքում որոշում է ընդունվել դադարեցնել հանքավայրերում նախատեսված շրջայցը և այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո։
Կոչ ենք անում Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ չստուգված լուրերի տարածումից և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։ Հավաստիացնում ենք, որ իշխանությունների կողմից ձեռնարկվում են բոլոր քայլերը՝ ավելորդ լարվածությունից խուսափելու համար, և բոլոր հարցերը Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն կարգավորելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։