Մունդիալ-2022. Ֆրանսիան դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին խաղում Անգլիան մրցեց Ֆրանսիայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ալ-Բայտ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին հավասար պայքար էր՝ ստեղծած հավասար գրոհներով ու գոլային պահերով: Բայց առաջինը Ֆրանսիան իրացրեղց իր պահը. հեռահար, դիպուկ հարվածով աչքի ընկավ Տուամենին:
Բաց թողած գնդակից հետո Անգլիան հսկայական ուժերով գրոհներ էր կազմակերպում և լուրջորեն անհանգստացնում Լյորիսին: Ֆրանսիան երբեմն արագ հակագրում էր, իսկ Անգլիան ամեն կերպ փորձում էր գտնել Ֆրանսիայի խոցելի օղակը:
Երկորրդ կեսի հենց մեկնարկում Անգլիան մի քանի լավ հնարավորություն ուներ վերականգնելու հաշվի տարբերությունը, բայց վերջին հարվածը միշտ չէր ստացվում: Ամեն ինչ փոխվեց 54-րդ րոպեին, երբ նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Հարի Քեյնը` վերականգնելով հաշվի տարբերությունը` 1:1:
Ֆրանսիայից երկար ժամանակ չպահանջվեց կրկին հաշվի մեջ առաջ անցնելու համար: Խաղի 78-րդ րոպեին Ժիրուն գլխի շեշտակի հարվածով գրավեց Անգլիայի դարպասը: Ընդամենը րոպեներ անց Անգլիան կրկին 11մետրանոց հարվածի հնարավորություն ստացավ, որը չիրացրեց Հարի Քեյնը:
Անգլիա-Ֆրանսիա` 1:2:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիան կմրցի Մարոկկոյի հետ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 14-ին: