Հայտարարությունները, թե թող արցախցիները գնան Բաքվի հետ բանակցեն, անթույլատրելի են. Արցախի ԱԳ նախկին նախարար
Այն, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է ունենան ինչ-որ երկխոսության մեխանիզմ, ձեւաչափ, որեւէ մեկի կողմից չի վիճարկվում: Այս մասին տված հարցազրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը:
«Ի վերջո, չմոռանանք, որ Արցախյան կողմը իր ողջ պատմության ընթացքում մշտապես հանդես է եկել հօգուտ ուղիղ բանակցությունների: Մենք միշտ պնդում էինք, որ արցախյան կողմը պետք է լիարժեք ներգրավված լինի բանակցություններում: Այն ներգրավվածությունը, որ մենք ունեինք, ոչ միայն մեզ չէր բավարարում, այլեւ կոնտրպրոդուկտիվ էր եւ խանգարում էր բանակցությունների բուն ընթացքին:
Խնդիրն այստեղ այն է, թե ինչպես են բանակցելու: Ակնհայտ է, որ այսօր թողնել Ղարաբաղը միայնակ ընդդեմ Բաքվի, նշանակում է տապալել այդ բանակցությունները, վերածել այն Ադրբեջանի կողմից իր կամքի թելադրման ինչ-որ մեխանիզմի: Պետք է լինեն համապատասխան երաշխիքներ, համապատասխան մեխանիզմներ թե միջազգային, թե Հայաստանի ներգրավմամբ, որոնք թույլ կտան ապահովել բանակցություններին մասնակցող կողմերի հավասարությունը: Հայտարարությունները, թե թող արցախցիները գնան բանակցեն, անթույլատրելի են»,-հայտարարեց նա:
Անդրադառնալով Արցախի նախագահ Աիայիկ Հարությունյանի Ֆրանսիա այցին, Կարեն Միրզոյանն ասաց. «Ես ողջունում եմ Արցախի նախագահի այցը Փարիզ: Այն փաստը, որ նա այսօր Փարիզում է եւ կարող է անմիջապես արցախահայության ներկայացուցչական ձայնը հասանելի դարձնել Եվրոպայում, իմ գնահատմամբ դա ուշացած այց է, այդպիսի այցեր պետք է ավելի շատ լինեն: Արցախը պետք է լսելի լինի արտաքին աշխարհում: Ժամանակն է մտածել, որ Արցախն ունի բազմաթիվ բարեկամներ աշխարհի տարբեր ծագերում, միավորել այդ մարդկանց, քայլեր ձեռնարկել, որ նրանց ձայնն ավելի լսելի լինի: Ի վերջո, սա ոչ միայն ռազմական ռեսուրսի, տնտեսական ռեսուրսի պայքար է, այլ նաեւ պայքար է միջազգային հանրության ուղեղի համար; Մեր տեսակետը պետք է լսելի լինի, քանի դեռ մեզ չեն լսում, մենք չկան»: