Գաղափարը, որ կարելի է ինչ-որ բանի հասնել սոսկ դիվանագիտական քայլերով, պատրանք է. Կարեն Միրզոյան
Որեւէ նոր բան Արցախում չի կատարվում, Բաքուն հետեւողականորեն շարունակում է իր փորձերը՝ դուրս մղել արցախահայության իր հայրենիքից, իր բնօրրանից, պարզապես վերջին շրջանում Բաքվի քայլերը դարձել են ավելի սանձարձակ, ավելի վտանգավոր հետեւանքներով հղի: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը:
Նրա խոսքով, քանի որ Բաքվի այդ պահվածքը չի հանդիպում արժանի հակադարձի, այն շարունակվելու է եւ կարող է ստանալ շարունակական բնույթ. «Այս ամենը տանում է դեպի Ադրբեջանի իշխանությունների եւ նրա նախագահի կողմից հռչակված համար մեկ նպատակին՝ Ղարաբաղը առանց հայերի, ու դա գաղտնիք չէ: Մեկ բան դրական պետք է ասեմ մեր հարեւանների մասին, դա այն է, որ նրանք երբեք չեն ստում, միշտ բաց ասում են, թե ինչ են ուզում: Նրանք բազմիցս հայտարարել են, որ իրենց նպատակն է վերադարձնել Ղարաբաղը, բայց որ այնտեղ հայեր չլինեն: Այդ ճանապարհին նրանք ընտրում են ցանկացած միջոց, որը թույլ չի տա հայերին պահպանել իրենց գոյությունն այս տարածքում, որպեսզի արցախցիներն իրենց վտանգված զգան, չունենան ապրուստի միջոց: Նրանց քայլերը այդ տրամաբանության մեջ են տեղավորվում»,-ասաց Կարեն Միրզոյանը:
Արցախի ԱԳ նախկին նախարարը նշեց, որ վերջին շրջանում ադրբեջանցիների կողմից ռուս խաղաղապահների նկատմամբ բացահայտ հոգեբանական պրեսինգի դրսեւորումները մեկ նպատակ ունեն՝ վարկաբեկել նրանց, դարձնել ավելի զիջողական, որովհետեւ այսօր, ցավոք սրտի, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ միակ երաշխիքը, որ կարող է այս կամ այն չափով ապահովել արցախահայության անվտանգությունը, ռուս խաղաղապահներն են. «Տրամաբանական է, որ վարկաբեկված, կամազուրկ խաղաղապահը չի կարողանա կատարել իր պարտավորությունները: Դրա համար ճնշումը գնում է նաեւ խաղաղապահների վրա, դրա համար ձեռնարկվում են բազմաթիվ հոգեբանական ճնշումներ, ընդհուպ ակնարկներ կաշառակերության, այլ հանցանքների վերաբերյալ:
Այս ամենին պետք է արձագանքել բավականին կոշտ կերպով: Ցավոք, որեւէ հստակ արձագանք հայկական կողմից չեմ նկատել: Նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերից մեկը Հայաստանն է եւ նա եւս պետք է արձագանքի եւ հետեւից սահմանված նորմերի կատարմանը»,-ասաց նախկին նախարարը:
Նա նկատեց, որ այստեղ կա եւս մեկ խնդիր. Խաղաղապահները մինչ օրս չունեն հստակ մանդատ. «Այդ հարցը խոչընդոտվել է Ադրբեջանի կողմից: Կարծում եմ՝ հստակ պետք է դրվի նաեւ այս հարցը: Ադրբեջանը, եթե ինչ-որ պահանջներ է ներկայացնում, պետք է նախ գնա խաղաղապահի ուժերի մանդատի հստակեցմանը»:
Դիտարկմանը, որ Ադրբեջանը դա չի ուզում անել, Միրզոյանն արձագանքեց. «Ցավոք, այսօր հայտնվել ենք մի վիճակում, երբ ավելի կարեւոր է, թե ինչ է ուզում Ադրբեջանը, քայն այն, թե ինչ է ուզում Հայաստանը: Սա անընդունելի է: Այն՝ ինչ է ուզում Հայաստանը, հստակ եւ հասցեական չի արտաբերվում: Նույնիսկ եթե հնչում են հայտարարություններ, դրանք շատ հակասական ու իրարամերժ են լինում»:
Կարեն Միրզոյանն անդրադարձավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ով բաց տեքստով ասաց, որ Պրահայում ընդունված հայտարարությամբ Հայաստանը համաձայնել է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում. «Վերջին շրջանում բոլորն էլ խոսում են շատ բաց, առանց հավելյալ ակնարկների. դա նշանակում է, որ իրավիճակն իրոք լարված է եւ հավելյալ դիվանագիտական սեթեւեթության համար ուղղակի այլեւս ոչ ժամանակ, ոչ հնարավորություն կա»:
Հարցին, թե այս պայմաններում ի՞նչը կարող է զսպել Ադրբեջանին, նա պատասխանեց. «Ադրբեջանին կարող է զսպել նախեւառաջ ուժեղ հայկական բանակը: Այն սին գաղափարը, որ կարելի է ինչ-որ բանի հասնել սոսկ դիվանագիտական քայլերով, դա պատրանք է: Հայաստանը պետք է ունենա իրոք մարտունակ, ամուր բանակ եւ այդ ուղղությամբ շատ շտապ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը:
Ցավոք սրտի, 2 տարի անցել է, եւ որեւէ լուրջ բան չի արվում: Այստեղ նաեւ հնչում է կարծիք, թե Հայաստանն ի վիճակի չէ նման քայլերի գնալ, ինչը ես կարծում եմ՝ ուղղակի կամ մանիպուլյացիա է, կամ անվստահություն է սեփական ուժերին: Հայաստանը կարող է, Հայաստանը պարտավոր է դա անել: Որեւէ մեղադրանք, որ Հայաստանում ռեւանշիզմի տրամադրություն է, ուղղակի ծիծաղելի է: Այսօրվա իրավիճակում ողջ աշխարհն է խոսում իր անվտանգային նախասիրությունների մասին: Նույնիսկ ամենաժողովրդավարական հորջորջված երկրների քաղաքական գործիչները, դիվանագետները նախեւառաջ խոսում են իրենց անվտանգության մասին: Հայաստանի այսօրվա ղեկավարությունը պարտավոր է ապահովել իր երկրի, իր քաղաքացիների, նաեւ արցախահայության անվտանգությունը: Ցանկացած ձգտում հրաժարվել այդ առաքելությունից, ուղղակի հակապետական է»,-ընդգծեց Կարեն Միրզոյանը: