«Ժողովուրդ». Թիմի ներսում խարդավանքներ հյուսող Անդրանիկ Քոչարյանը նոր թիրախներ ունի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեփական թիմի ներսում խարդավանքներ հյուսող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նոր թիրախներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս անգամ ՔՊ-ական պատգամավորը կենտրոնացել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, նրա ընկեր պատգամավորներ Հրաչյա Հակոբյանի ու Սիսակ Գաբրիելյանի վրա:
Քոչարյանը տարբեր վայրերում, մասնավոր զրույցներում պահը չի կորցնում խոսել երեք պատգամավորների մասին, նրանց մեղադրել շատ գործուղումների մեկնելու համար, անգամ բուքմեյքերական «Վիվարո» ընկերությունից «փայ» ունենալու համար: «Ֆակտոր»-ին նոյեմբերի 25-ին տված հարցազրույցի ժամանակ նա անդրադարձել էր նաեւ այդ «Վիվարո»-ի գործունեությանը եւ իր թիմակիցների՝ Հունաստանում հանգստին: Լրագրողը հարց է հնչեցնում՝ «Վիվարո»-ին գուցե քաղաքական երաշխիքներ են տվել գործընկերները, որոնք Հունաստանում իրենց հաշվին հանգստանում են: Ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը նշել է. «Պետք է Ազգային անվտանգությունը ճշտի ամեն ինչ, նաեւ Ձեր բարձրացրած հարցը»:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասաց, որ ինքը որեւէ առնչություն չունի «Վիվառո» ընկերության հետ եւ երբեւէ այդ ընկերությունից գումար չի ստացել: «Իմ եկամուտը գոյանում է պատգամավորական աշխատավարձից: Եթե իրավապահ համակարգը գտնում է, որ պետք է ստուգի, թող ստուգի», – նշեց նա: Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ի ներսում խարդավանքներ է հյուսում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում