Սպազմները թույլ չեն տալիս երգել առաջվա պես. Սելին Դիոնը պատմել է բարդ հիվանդության մասին
Կանադացի երգչուհի Սելին Դիոնն Instagram-ում հայտնել է, որ իր մոտ ախտորոշվել է հազվադեպ հանդիպող նյարդաբանական հիվանդություն, որը կոչվում է մկանային կոշտության համախտանիշ և մկանային սպազմ է առաջացնում։
«Արդեն երկար ժամանակ է, ինչ առողջական խնդիրներ ունեմ, որոնք հաղթահարելը ինձ համար հեշտ չէ։ Ցավում եմ, որ սա ասում եմ, բայց ես պատրաստ չեմ փետրվարին սկսել իմ եվրոպական շրջագայությունը»,-ասել է նա երկրպագուներին ուղերձում։
Երգչուհին ասել է, որ ստիպված է 2023 թվականի գարնան համերգները տեղափոխել 2024 թվական և չեղարկել 2023 թվականի ամռանը նախատեսված ութ համերգը։
«Ցավոք, սպազմները ազդում են իմ առօրյա կյանքի բոլոր ասպեկտների վրա՝ երբեմն նույնիսկ քայլելու դժվարություն առաջացնելով և թույլ չեն տալիս ինձ օգտագործել ձայնալարերս՝ երգելու համար այնպես, ինչպես նախկինում էի երգում», - ասել է Դիոնը:
Նա հավելել է, որ երգելն իր կյանքի գործն է, որն աշխարհում ամեն ինչից շատ է սիրում։ Դիոնն ասաց, որ բժիշկների հետ քրտնաջան աշխատում է բուժման վրա, որպեսզի նորից ելույթ ունենա։
«Այնպես եմ կարոտում ձեզ… կարոտում եմ բեմը: Ես իմ շոուներում եռանդս միշտ ներդնում են 100 տոկոսով, բայց հիմա իմ վիճակն ինձ թույլ չի տալիս դա անել»,- ասել է երգչուհին։
Մկանային կոշտության համախտանիշը քիչ ուսումնասիրված խանգարում է, որը տարբեր իրավիճակներում, ներառյալ սթրեսը, առաջացնում է մկանների կոշտություն և սպազմ: Համախտանիշի պատճառները պարզ չեն։ Ջոնս Հոփքինսի համալսարանը նշում է, որ հիվանդությունը հանդիպում է մեկ միլիոնից մեկ կամ երկու մարդու մոտ: Բուժումը ներառում է սիմպտոմատիկ թերապիա և ֆիզիոթերապիա: