ԵՄ-ը չպետք է սպասի, որ գնաճի իջեցման օրենքի շուրջ բանակցություններն ԱՄՆ-ի հետ կլուծեն բոլոր հարցերը
Եվրամիությունը չպետք է սպասի, որ բանակցությունները Միացյալ Նահանգների հետ կլուծեն բոլոր խնդիրները՝ կապված գնաճի նվազման մասին ամերիկյան օրենքի հետ, եւ որեւէ պոտենցիալ արձագանք չի բացառում։ Այս մասին ասել է ԵՄ առեւտրի հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը, տեղեկացրել է Reuters-ը։
ԵՄ-ը պնդում է, որ ամերիկյան օրենքը (430 մլրդ դոլար գումարի), որը սպառողներին հարկային արտոնություններ է տրամադրում ԱՄՆ-ում արտադրված էլեկտրամեքենաների (EV) եւ էկոլոգիապես մաքուր այլ արտադրանքի համար, կարող է Միացյալ Նահանգները դարձնել համաշխարհային առաջատար էլեկտրամեքենաների շուկայում՝ ի հաշիվ Եվրոպայի։
Երկու կողմերը ստեղծել են թիրախային խումբ թեմայի քննարկման համար, ընդ որում՝ ԵՄ-ը փորձում է հասնել նույն բացառմանը, որը Վաշինգտոնը ազատ առեւտրի մասին համաձայնագրով տրամադրել է գործընկերներին, ինչպիսին են Կանադան, Մեքսիկան եւ Ավստրալիան։
Դոմբրովսկիսը նշել է, որ սպասում է, որ թիրախային խումբը հաջորդ շաբաթ, համենայն դեպս՝ մինչեւ տարեվերջ, հաշվետվություն կներկայացնի, երբ օրենքի որոշ մասեր ուժի մեջ կմտնեն։ «Եվ այդ ժամանակ մենք կտեսնենք, թե որքանով են մեր մտավախությունները հաշվի առնվել»,- ասել է նա։ «Դա կլուծի որոշ, բայց ոչ բոլոր խնդիրները»։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է մտածի իր պատասխանի մասին, չնայած միությունը չի ցանկանում սուբսիդիաների մրցավազքի մեջ մտնել։ «Մենք սեղանից չենք վերցնում տարբերակները։ Որոշ գործընկերներ հիշատակել են ԱՀԿ-ին բողոք ներկայացնելու հարցը, բայց մենք զենք էլ չենք ճոճում։ Հենց հիմա մենք կենտրոնացել ենք բանակցությունների վրա»,- ասել է նա։
Դոմբրովսկին նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հիշատակել է ԵՄ մտավախությունները մեղմելու հնարավոր տարբերակների մասին, ինչպիսին է «ազատ առեւտրի գծով գործընկեր» տերմինի ավելի լայն մեկնաբանությունը, որպեսզի ԵՄ-ը կարողանա բացառություն ստանալ։