Նովոսիբրիսկի թատրոնը Հայաստանում կցուցադրի ներկայացում՝ ըստ Տատյանա Տոլստայայի պատմվածքի
Նովոսիբիրսկի «Старый дом» դրամատիկական թատրոնը 2023 թվականին Երևանի High Fest կատարողական արվեստի միջազգային փառատոնում կցուցադրի ներկայացում՝ ըստ Տատյանա Տոլստայայի «Պետերս» պատմվածքի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ТАСС-ին հայտնել են թատրոնի մամուլի ծառայությունում: «Աշնանը «Պետերս» ներկայացումը կցուցադրվի Հայաստանում: Տատյանա Տոլստայայի պատմվածքի վրա հիմնված կամերային ներկայացումն ստացել Է Երևանի High Fest թատերական փառատոնի հրավերը, որտեղ կներկայացվեն լավագույն ներկայացումներ աշխարհի տարբեր երկրներից» - հաղորդել են մամուլի ծառայությունում: Թատրոնում հստակեցրել են, որ փառատոնը պլանավորված Է 2023 թվականի հոկտեմբերին: Ներկայացումը բեմադրել Է թատրոնի գլխավոր ռեժիսոր Անդրեյ Պրիկոտենկոն:
Ինչպես նշում են «Старый дом»-ում, բեմադրությունն ունի առանձնահատուկ լեզու, արտահայտման մեթոդ և եղանակ: Ռուսաստանի Ազգային թատերական «Золотая маска» մրցանակի և փառատոնի փորձագիտական խորհրդի կողմից ներկայացումը դասվել է Ռուսաստանի ամենաակնառու պրեմիերաների շարքին: High Fest-ը ժամանակակից թատրոնի զարգացման հարթակ է, որն անցկացվում Է 2003 թվականից: Տասը տարուց ավելի այն համարվում Է հետխորհրդային տարածությունում գլխավոր թատերական փառատոներից մեկը: Ամեն տարի փառատոնի շրջանակներում Երևանի խոշորագույն հարթակներում հավաքվում են շուրջ 30 հայրենական և արտասահմանյան թատրոններ:
«Старый дом» թատրոնն ստեղծվել Է 1933 թվականին, այսօրվա դրությամբ նրա խաղացանկում են ինչպես դասական, այնպես Էլ գերժամանակակից բեմադրություններ: Թատրոնը եղել Է Ռուսաստանի շատ քաղաքներում, հյուրախաղերի Է մեկնել Գերմանիա, Լեհաստան, Ուկրաինա, Շվեդիա, Ճապոնիա, Մոլդովա, գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես Նովոսիբրիսկի՝ ամենից շատ հյուրախաղերով հանդես եկող թատերախումբ: