Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանն ազատ կարձակվի
Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը շուտով ազատության մեջ կլինի։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 8–ին մերժել է Հարություն Մանուչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը։
Հիշեցնենք՝ Բերդ համայնքի նախկին ղեկավարի անազատության մեջ գտնվելու ժամկետը լրանում է նոյեմբերի 10–ին։
Հիշեցնենք՝ Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը ձերբակալվել էր նոյեմբերի 10–ին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Դատարանը նոյեմբերի 11–ին բավարարել էր Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը եւ Հարություն Մանուչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։
Հարություն Մանուչարյանին մեղադրանք է ներկայացվել հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական կեղծիքը) մասերի հատկանիշներով։ Նրա վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է։
NEWS.am-ի հետ զրույցում Հարություն Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանն ասել էր, որ քրեական վարույթը իրականացնող մարմինը դիտավորյալ գործը որակել է ծանր, սխալ հոդվածով, որպեսզի վաղեմության ժամկետները չանցնեն ու Հարություն Մանուչարյանին կալանավորեն։
Հիշեցնենք՝ Հարություն Մանուչարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործ կա նաեւ Քննչական կոմիտեում։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Մանուչարյանը 2021 թվականի նոյեմբերի 9–ին կալանավորվել էր եւ միայն 11 ամիս անց՝ հոկտեմբերին, Հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց նրան։
Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 25–ին, Բերդ խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթել էր Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝ «Զորավոր համայնքը»։ Հարությունյանը, սակայն, ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։