Պեմզաշենի գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանի պաշտպանական կողմը բողոքարկել է կալանավորման որոշումը
Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործով մեղադրյալներից Արկադի Բարսեղյանի պաշտպանական կողմը բողոքարկել է խափանման միջոց կալանավորման որոշումը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հետ զրույցում ասաց նրա պաշտպան Վլադիմիր Մինասյանը։
«Դեռ պատասխան չենք ստացել, դատական նիստի օր նշանակված չէ: Այնպիսի գործի մասին է խոսքը, որ կդժվարանամ ասել, թե դատարանն ինչ որոշում կկայացնի այս բողոքարկման մասով»,- նշեց Մինասյանը:
Պաշտպանը նշեց, որ Արկադի Բարսեղյանի ցուցմունքում ոչինչ չի փոխվել. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ պնդում է՝ դեպքի վայրում չի եղել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղի սեփական բնակարանում սպանված էին գտել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին, նրա 12-ամյա դստերը եւ 8-ամյա որդուն: Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը եւ նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը եւ նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Երկու մեղադրյալներն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։
Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։
Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Եթե անգամ պարզվի Վրույր Բարսեղյանի անմեղսունակությունը, նա պատժից չի ազատվի. Պեմզաշենի գործով տուժող կողմի ներկայացուցիչ