Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերացնել ահաբեկչական սպառնալիքները երկրի սահմաններից
Թուրքիան վճռական է վերացնելու բոլոր ահաբեկչական սպառնալիքներն ու վտանգները իր սահմաններից, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Նոյեմբերի 20-ից Թուրքիան օդային գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևի դեմ: Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Քոբանի քաղաքին, ինչպես նաև Իրաքի հյուսիսում: Էրդողանը գործողությունն անվանել է հաջողված և չի բացառել, որ դրան կհաջորդի ցամաքային գործողություն։
«Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, դեսպան Իբրահիմ Կալինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային խնդիրները»,- ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ գոհունակություն հայտնելով G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Բալիում ղեկավարների մակարդակով հանդիպման կապակցությամբ՝ որոշվել է շարունակել երկխոսությունն ու խորհրդակցությունները գլոբալ ու տարածաշրջանային խնդիրների շուրջ։
«Որպես ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ՝ Թուրքիան և Միացյալ Նահանգները պետք է կենտրոնանան ռազմավարական առաջնահերթությունների և ընդհանուր շահերի վրա: Հանդիպման ընթացքում ընդգծվել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շարունակականությունը: Ընդգծվել է, որ Ուկրաինայում պատերազմի երկարացումն ու ընդլայնումը խորացնում է ճգնաժամերը համաշխարհային մասշտաբով, և որ պատերազմը պետք է դադարեցվի և բանակցությունները վերսկսվեն: Հաղորդվել է, որ Թուրքիան վճռականորեն շարունակում է իր դիվանագիտական նախաձեռնությունները, որոնք կարող են ճանապարհ հարթել հրադադարի համար, ներառյալ գերիների փոխանակումը և հացահատիկի համաձայնագիրը»,- ասվում է հայտարարության մեջ։
Բանակցությունների ընթացքում ընդգծվել է, որ «Թուրքիայի գործողությունները Սիրիայում և Իրաքում ուղղված են PKK/PYD/YPG (Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցություն) ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք վտանգ են ներկայացնում մեր ազգային անվտանգությանը։ Թուրքիան ունի ինքնապաշտպանության իրավունք՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի: Ընդգծվել է, որ Թուրքիան վճռական է վերացնելու ահաբեկչական բոլոր սպառնալիքներն ու վտանգները: Գոհունակություն հայտնելով Ֆինլանդիայի և Շվեդիայի առաջընթացի կապակցությամբ, նշվել է, որ եռակողմ հուշագրով նախատեսված բոլոր պարտավորությունները պետք է կատարվեն»,- ասել են գերատեսչությունում։