Երեք նավեր ուկրաինական պարենամթերքը կհասցնեն Հնդկաստան, Թուրքիա և Իսպանիա
Դեկտեմբերի 6-ին ուկրաինական նավահանգիստներից դուրս են եկել ցորենով, եգիպտացորենով և արևածաղկի ձեթով բեռնված երեք չորաբեռնատար նավեր, հաղորդել Է Համատեղ համակարգման կենտրոնը:
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: «Դեկտեմբերի 6-ին երեք նավեր դուրս են եկել ուկրաինական նավահանգիստներից, դրանք ընդհանուր առմամբ 91 050 տոննա հացահատիկ և այլ գյուղատնտեսական արտադրանք են տեղափոխում սևծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում», - ասվում Է հաղորդագրության մեջ:
Sugar չորաբեռնատարը 37 500 տոննա արևածաղկի ձեթ կտանի Հնդկաստան, Alexandros III նավը 31 050 տոննա եգիպտացորեն կտեղափոխի Իսպանիա: Moayad Y նավը Թուրքիա կտանի 22 500 տոննա ցորեն: Ուկրաինական նավահանգիստներ են նաև ուղևորվում վեց նավեր, որոնք դեկտեմբերի 6-ին անցել են ծովային հումանիտար միջանցքով: «Դեկտեմբերի 6-ի դրությամբ հացահատիկի և մյուս գյուղատնտեսական մթերքների ընդհանուր տարողությունը, որն արտահանվել Է երեք ուկրաինական նավահանգիստներից, կազմում Է 13 մլն 136 հազար 453 տոննա: Ընդամենը ներկայում թույլատրվել Է 1057 նավերի երթևեկություն. 529-ը ժամանել են ուկրաինական նավահանգիստներ, 528-ը դուրս են եկել դրանցից», - եզրափակել են Համատեղ համակարգման կենտրոնում: