Շվեդ տղամարդը մեղավոր է ճանաչվել սպանության եւ քաղաքական գործչի սպանության պլանավորման համար
Շվեդական դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել հուլիսյան փառատոնի ժամանակ մի կնոջ սպանության ու բարձրաստիճան քաղաքական գործչի դեմ մահափորձ կազմակերպելու համար եւ վճռել է նրան հոգեբուժարան ուղարկել, հայտնում է Reuters-ը։
33-ամյա շվեդը ձերբակալվել է Բալթիկ ծովի Գոթլանդ կղզում այն բանից հետո, երբ Շվեդիայի ամենամյա Almedalen Week քաղաքական փառատոնի ժամանակ մարդաշատ հրապարակում դանակահարել է նշանավոր հոգեբույժին:
Սպանությունը տեղի է ունեցել այն վայրից ոչ հեռու, որտեղ պետք է ասուլիս հրավիրեր Կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Էննի Լուֆը։ Գոթլենդի շրջանային դատարանը հայտնել է, որ մարդասպան Թեոդոր Էնգստրոմը պլանավորել էր սպանել նրան:
«Շվեդիան կարող էր լրջորեն տուժել, եթե հանցագործությունը կատարվեր: 33-ամյա տղամարդը հայտարարել է, որ մտադիր է եղել պատասխան հարված հասցնել Շվեդիայի բնակչությանը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դատավոր Պեր Սանդբերգը։
Էնգստրոմն իրեն մեղավոր է ճանաչել հոգեբույժ Ինգ-Մարի Վիզելգրենի սպանության մեջ, սակայն հերքել է Լուֆի հետ կապված մեղադրանքները։
Պարզվել է, որ հարձակման պահին նա լուրջ հոգեկան խանգարում է ունեցել։