Լատվիան չեղյալ է հայտարարել «Դոժդ» հեռուստաալիքի հեռարձակման լիցենզիան
Լատվիան չեղյալ է հայտարարել ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի հեռարձակման արտոնագիրը։ Այս մասին հայտարարել է Լատվիայի էլեկտրոնային լրատվամիջոցների Ազգային խորհրդի (NEPLP) ղեկավար Իվար Աբոլինշը։ Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է ազգային անվտանգությանը եւ հասարակական կարգին սպառնացող վտանգի կապակցությամբ։
«Դոժդ» հեռուստաալիքի հեռարձակման լիցենզիան կդադարեցվի դեկտեմբերի 8-ին։
«Գնահատելով խախտումների ամբողջությունը՝ NEPLP-ը համոզվել է, որ «Դոժդ»-ի ղեկավարությունը չի հասկանում եւ չի գիտակցում խախտումների կարեւորությունն ու լրջությունը, ուստի չի կարող գործել Լատվիայի տարածքում»,-ասել է Աբոլինշը Leta գործակալությանը:
Լատվիայում մալուխից անջատվելուց հետո «Դոժդ» հեռուստաալիքը կշարունակի հեռարձակվել YouTube-ի հարթակում։ «Մենք շարունակում ենք աշխատել եւ անարդար ու անհեթեթ ենք համարում մեր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները»,-ընդգծվում է հաղորդագրության մեջ:
«Դոժդ» հեռուստաալիքը Ռուսաստանում արգելափակվել է Ուկրաինայում պատերազմի սկսվելուց մի քանի օր անց եւ, ինչպես շատ այլ անկախ լրատվամիջոցներ, ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը։ Հունիսին հայտնի է դարձել, որ հեռուստաալիքը հեռարձակման լիցենզիա է ստացել Լատվիայում, որտեղ տեղափոխվել են մի շարք անկախ լրագրողներ։
Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիքսը կոչ է արել չեղյալ հայտարարել հեռուստաալիքի աշխատակիցների կացության թույլտվություններն այն բանից հետո, երբ հաղորդավար Ալեքսեյ Կորոստելեւը ուղիղ եթերում վրիպել է: Նրա արտահայտությունն այն մասին, որ ալիքը «կարողացել է օգնել մոբիլիզացված ռուսներին ռազմաճակատում», մեկնաբանվել է բառի բուն իմաստով՝ որպես Ուկրաինայի դեմ Մոսկվայի ռազմական ագրեսիայի աջակցության վկայություն։