ԱԻՆ-ի հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Ճապոնիայի դեսպանը՝ Արմեն Փամբուխչյանին
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։
Նախարար Փամբուխչյանը, ողջունելով դեսպան Ֆուկուշիմային, բարձր է գնահատել Ճապոնիային հետ սերտ համագործակցությունը։
Գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը մշտապես աջակցելու գործում ներդրած ջանքերի համար, հրշեջ-փրկարարական ջոկատները տեխնիկապես վերազինելու, սեյսմիկ ռիսկի գնահատման և պլանավորման, սողանքային աղետի կառավարման, ինչպես նաև այս տարիների ընթացքում ԱԻՆ աշխատակիցների վերապատրաստումը և փորձի փոխանակումը Ճապոնիայում անցկացնելու, ինչպես նաև աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի ներդրման համար։
Դեսպան Ֆուկուշիման շնորհակալություն է հայտնել նախարար Փամբուխչյանին ջերմ ընդունելության համար և շեշտել, որ ԱԻ նախարարության հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը նպաստում է ապագայում նորանոր ծրագրերի ստեղծմանը։
Դեսպանը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք այլ հարցեր։