Ռուսաստանը շահագրգռված Է Բաքվի և Երևանի միջև հաշտության պայմանագրի կնքման հարցում. Լավրով
Ռուսաստանը շահագրգռված Է՝ ամեն կերպ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից առաջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:
«Կարևոր թեմա Է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ համաձայնությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին, նոյեմբերին, և հոկտեմբերի վերջին եղավ հերթական գագաթնաժողովը Սոչիում», - ասել Է ՌԴ-ի դիվանագիտության ղեկավարը: Սերգեյ Լավրովը նաև ընդգծել է տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանի սահմանազատման և այլ հարցերի կարևորությունը:
«Մենք շահագրգռված ենք՝ ամեն կերպ նպաստելու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանի սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և, ընդհանուր առմամբ, վստահության միջոցների ամրապնդմանը, այդ թվում՝ հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդարանականների միջև շփումների զարգացմամբ»,- ընդգծել Է Լավրովը:
Ինչպես նշել Է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, կողմերը հանդիպման ընթացքում կքննարկեն նաև տարածաշրջանում և բազմակողմ կառույցներում փոխգործակցության հարցը: «Միշտ մեր օրակարգում են փոխգործակցությունը տարածաշրջանում, կասպիական թեմատիկան, շփումները Միավորված Ազգերի Կազմակերպությունում, ԵԱՀԿ-ում, Անկախ պետությունների համագործակցությունում և այլ գործընթացներ, որոնք տեղի են ունենում մեր ընդհանուր տարածությունում», - հավելել Է Լավրովը:
Դիվանագետը հիշեցրել Է, որ այս տարի նշվում Է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և առանձնացրել է այս տարի երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շուրջ հռչակագրի ստորագրումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում: