Բլինքենն Իսրայելին խոստացել է ԱՄՆ-ի աջակցությունը՝ չնայած Նեթանյահուի հետ սուր տարաձայնություններին
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել Է, որ Վաշինգտոնը չի հրաժարվի Իսրայելին աջակցություն ցուցաբերել, չնայած երկրի ընտրված վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ սուր տարաձայնություններին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Associated Press գործակալությունից: Բլինքենը շեշտել է, որ ԱՄՆ-ն կմնա Իսրայելի բարեկամը՝ չնայած այնպիսի նպատակներ է հետապնդում, որոնց Նեթանյահուն դեմ է, այդ թվում՝ իսրայելապաղեստինական խնդրի կարգավորումը երկու պետությունների ստեղծմամբ և 2015 թ.-ին Իրանի հետ կնքված միջուկային գործարքի վերականգնումը:
«Գործընկերությունը և այն, ինչ այն բերել Է մեր երկրների և ամբողջ աշխարհի ժողովուրդներին, միշտ ապահովվել Է Իսրայելի անվտանգության նկատմամբ Միացյալ Նահանգների հաստատակամ հանձնառությամբ, որը երբեք ավելի ուժեղ չի եղել, քան այսօր»,-ասել Է նա՝ հանդես գալով J Street լոբբիստական կազմակերպության ամենամյա խորհրդաժողովում, որն աջակցում Է Իսրայելին և հանդես գալիս մերձավորարևելյան խնդրի խաղաղ կարգավորման օգտին:
Բլինքենն ասել Է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փոխգործակցելու Է Նեթանյահուի կառավարության հետ՝ հիմնվելով նրա քաղաքականության, այլ ոչ թե անձերի վրա: Ամերիկյան վարչակազմն անհանգստություն Էր հայտնել, որ Նեթանյահուի ձևավորած կառավարությունում կարող են լինել մարդիկ, որոնք անցյալում ծայրահեղ հակապաղեստինյան և հակաարաբական հայացքներ են ունեցել:
Դրա հետ մեկտեղ Բլինքենը նախազգուշացրել Է, որ ԱՄՆ-ը հանդես Է գալու այն քաղաքականության դեմ, որը դժվարացնում Է հարցի կարգավորումը երկու պետությունների ստեղծմամբ, քանի որ դա վնաս կհասցնի Իսրայելի երկարաժամկետ անվտանգությանը կամ նրա ապագային՝ որպես հրեական ժողովրդավարական պետության:
«Մենք կառավարությունը գնահատելու ենք նրա վարած քաղաքականությամբ, այլ ոչ թե առանձին անհատներով: Մենք հավատարիմ ենք մնալու փոխադարձ չափանիշներին, որոնք մենք մեր հարաբերություններում հաստատել ենք վերջին յոթ տասնամյակների ընթացքում», - ընդգծել Է ԱՄՆ պետքարտուղարը:
Նա հավելել Է, որ Բայդենի վարչակազմն «ազնվորեն խոսելու Է» ինչպես Իսրայելի նոր կառավարության, այնպես Էլ պաղեստինցիների հետ, որոնց առաջնորդները, նրա խոսքով, պետք Է ձեռնպահ մնան լարվածության սրումից: