Գիտնականները չղջիկների օրգանիզմում հայտնաբերել են հինգ նոր վիրուս
Ավստրալացի և չինացի գիտնականների թիմը չղջիկների մոտ հայտնաբերել է հինգ նոր վիրուս, որոնք կարող են փոխանցվել մարդկանց, այդ թվում՝ մեկը սերտորեն կապված է կորոնավիրուսի հետ: «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է The Telegraph-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ վարակված կենդանիներն ապրում են հարավային Չինաստանում: 2015-2019 թվականներին 149 չղջիկներից վիրուսի նմուշներ են վերցվել:
BtSY2-ը ամենամոտն է կորոնավիրուսին։ Սիդնեյի համալսարանի վիրուսաբան, պրոֆեսոր Էդդի Հոլմսի խոսքերով, Sars-Cov-2-ի նման վիրուսները դեռևս շրջանառվում են չինական չղջիկների շրջանում, և դրանց տարածման վտանգը դեռ կա: Մասնագետները նաև ապացուցել են, որ չղջիկները պարբերաբար վարակվում են միաժամանակ մի քանի վիրուսներով։
Մինչ այս հաղորդվել է, որ Չինաստանում COVID-19-ի տարածման տեմպերը հասել են ռեկորդային բարձր մակարդակի՝ կազմելով օրական 31656 հայտնաբերված դեպք։
Չինաստանում կորոնավիրուսի դեմ սահմանափակումները դարձել են ամենախիստն աշխարհում։ Որոշ տարածքներ ամբողջովին փակ են, որոշ քաղաքներում սահմանափակված է անգամ սննդի առաքումը։