Հայկական արտադրանքը՝ Թբիլիսիի ամանորյա տոնավաճառի առաջատարներից
Թբիլիսիում ամեն տարի կազմակերպվում է ամանորյա տոնավաճառ։ Երեկ բացված տոնավաճառին ներկայացված էր նաև հայկական տաղավար, որտեղ մեկտեղված էին հայկական արտադրանքը, (քաղցրավենիք, ազգային խմիչք և այլն) և հայկական մշակութային տարրեր, հայտնում է Aliq.ge-ն
Հայկական տաղավարի մոտ տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը ներկայացրեց տիկնիկներով ցուցադրություն․ ներկաները դիտեցին Շառլ Ազնավուրի, վրացական խմբի տիկնիկային ցուցադրությունը, ազգային Քոչարին։
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը նշեց, որ սա շատ լավ տարբերակ է՝ ներկայացնելու մեր երկիրը, և կարևորն այն է, որ հասույթը տրամադրվելու է բարեգործությանը։
«Վրաստանի կանանց ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է այս բարեգործական տոնավաճառը, և ՀՀ դեսպանությունն առաջին տարին չէ, որ մասնակցում է միջոցառմանը։ Ինձ համար սա առաջին անգամն էր։
Մեր տաղավարը նաև ուշադրության կենտրոնում էր այն պատճառով, որ այս անգամ մենք հրավիրել էինք նաև տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանին, ում ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել», — ասաց դեսպանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում։
Տաղավարում ներկայացված հայաստանյան արտադրանքը՝ հայկական կոնյակ, գինի, քաղցրավենիք, սուրճ, թեյ և այլն, գրավեցին շատերի ուշադրությունը։ Դեսպանը տաղավարը հարստացնելու համար շնորհակալություն հայտնեց Վրաստանում բացված հայկական «Աթենք» ընկերությանը և տեղի «Արմենիա» խանութ-սրահներին։
Նկարիչ, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում ներկայացրեց ցուցադրված մշակության նմուշները։
«Այսօրը առանձնահատուկ է, քանի որ ներկայացված է նաև հայկական տաղավարը, հայակական անուշեղենի և խմիչքի կողքին ներկայացված է հայկական մշակույթը, Կենաց ծառը, որը հայերը պատրաստել են դեռ մինչ քրիստոնեությունը, ամանորին։ Ամեն մի դետալ, խաղալիք ու տիկնիկ իր խորհուրդն ունի, եթե ուշադիր նայենք կենաց ծառին, այնտեղ հիմնականում ընտանիքի խորհուրդն է», — նշում է Հովհաննիսյանը։
Տիկնիկագործի խոսքով՝ հայ ազգի համար ամենակարևոր արժեքը ընտանիքն է, և կնոջ և տղամարդու համադրությունը տիկնիկների տեսքով ենք տեսնում, որը ասոցացվել է ամանորի հետ՝ նոր կյանք, նոր սկիզբ․
«Ի՞նչ հայկականություն առանց Թումանյանի։ Թումանյանը մեր մեծ հեքիաթասածներից է, ով ներկայացնում է հայ ժողովրդի և ՛ թուլությունները, և ՛ առավելությունները իր հեքիաթներում։ Այսօր բերմադել ենք նաև «Բարեկենդան» հեքիաթը, որը խորհրդանշում է մեր ազգային դիմագիծը։ Ներկայացրել ենք Սերգո Փարաջանովին, Թիֆլիսում ենք գտնվում և ինչ Թիֆլիս՝ առանց Սերգո փարաջանովի։
Ես նաև վրացական մշակույթի կրողն եմ, ըստ այդմ, ներկայացրել ենք նաև վրացական խումբը Թբիլիսիում»։
Ֆրանսիայից ժամանած Յունա Ֆրունեմը իր հետ Վրաստան է բերել ֆրանսիական մշակույթը ներկայացնող նմուշներ․
«Շատ ուրախ եմ մասնակցել այս միջոցառմանը, այստեղ դուք կարող եք տեսնել լավագույն ֆրանսիական ապրանքները, երևի կառանձնացնեմ գինու տեսականին, որը այս տարի բավական հարուստ ու բազմազան է։ Լավագույն ու ամենայուրահատուկ ապրանքը շատ հին սպիտակ գինին էր, որը վաճառվեց քիչ առաջ։ Ուրախ եմ, որ Վրաստանում հնարավորություն կա ցույց տալ սեփական մշակույթը և ծանոթանալ այլ ազգի մշակույթներին», — նշում է Ֆրունեմը։
Տոնավաճառի ուկրաինական տաղավարի վաճառքից ստացված հասույթը պետք է ուղարկվի Ուկրաինա․ դրանք ձեռագործ իրեր և քաղցրավենիք էին։
«Ես ներկայացնում եմ ուկրաինական մշակույթը և միաժամանակ օգնում մեր երկրին։ Այստեղ եկել եմ 3-4 ամիս առաջ, կարծում եմ սա լավ նախաձեռնություն է, քանի որ ստացված հասույթը որպես բարեգործություն կուղարկվի Ուկրաինա՝ մեր բանակին։ Բոլոր ներկայացված իրերը արտացոլում են մեր մշակույթը և ավանդական գույների մեջ են», — նշեց Եկատերինա Կրեմսկայան «Ալիք մեդիայի» հետ զրույցում։