Ֆրանսիայի ԱԳ նախարարը թուրք գործընկերոջ հետ քննարկել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների ընթացքը
Ֆրանսիան անհանգստացած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հավաքական պայքարի թուլացման հեռանկարով` թուրքական ռազմական միջամտության պատճառով Հյուսիսային Սիրիայում և Իրաքում։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է արտգործնախարար Կատրին Կոլոննան։
«Նախարար Կոլոննան իր խորը մտահոգությունն է հայտնել Սիրիայում և Իրաքում վերջին հարվածների կապակցությամբ: Ոչ մի ռազմական գործողություն չպետք է թուլացնի «Իսլամական պետության» դեմ պայքարը», – ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի կիրակի օրը տարածած հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի լույս 20-ի գիշերը Թուրքիան օդային գործողություն է իրականացրել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում, որին ներգրավվել է ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու թռչող սարք։ Հարվածները հասցվել են հանրապետությունում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հենակետերին։
Նախագահ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր օդային գործողությունից հետո Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողություն իրականացնելու պլանների մասին։ Ըստ լրատվամիջոցների՝ այս երկրին սահմանակից շրջաններում տեղակայված թուրքական բանակի ստորաբաժանումներն ավարտել են ցամաքային գործողության նախապատրաստական աշխատանքները և սպասում են այն սկսելու հրամանին։
Դեկտեմբերի 3-ին Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան ավարտելու է 30 կիլոմետրանոց անվտանգության գիծը իր հարավային սահմանների երկայնքով:
Այսպիսով, նա հասկացրեց, որ Անկարան չի հրաժարվում Քրդական աշխատավորական կուսակցության ուժերի դեմ Սիրիայի հյուսիսում անդրսահմանային ռազմական գործողության պլաններից։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախատեսվում է գործողությանը ներգրավել սիրիական զինված ընդդիմության մոտ 50 հազար զինծառայողների ու զինյալների։