Կասպից ծովի ափին հայտնաբերվել է 1700 ծովարջ
Դաղստանի Կասպից ծովի ափին սատկած ծովարջերի (փոկեր) թիվը հասել է 1700-ի, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Կասպիցի բնապահպանական կենտրոնի գլխավոր տնօրեն Զաուր Գապիզովը։
Տարածաշրջանի բնական պաշարների նախարարությունը մեկնաբանել է, որ նրանց մահվան պատճառ են դարձել բնական գործոնները։ Նախարարությունը հավելել է, որ կասպիական փոկերի թիվը կայուն է՝ տատանվում է 270 000-ից 300 000-ի սահմաններում։
«Դատելով մեր հայտնաբերած ծովարջերի տեսքից՝ նրանք սատկել են մոտ երկու շաբաթ առաջ։ Ձկնորսական ցանցերի մնացորդներ չեն հայտնաբերվել: Ամենայն հավանականությամբ, սատկած փոկերի թիվը շատ ավելի մեծ է: Կասպիցի բնապահպանական կենտրոնի առափնյա պարեկությունը, ինչպես նաև Ձկնորսության դաշնային գործակալության տեսուչները և բնապահպանական այլ գերատեսչությունների աշխատակիցները շարունակում են ուսումնասիրել ափը»,- «Shantnews»-ի փոխանցմամբ՝ ասել է գործակալության զրուցակիցը:
Բնապահպանական կենտրոնի մասնագետները հավաքել են անհրաժեշտ նմուշներ՝ ծովային կանթասունների անկման պատճառները մանրամասն ուսումնասիրելու համար։
Կասպիցի փոկը էնդեմիկ և Կասպից ծովում հայտնաբերված միակ ծովային կաթնասուն տեսակն է, որը յուրահատուկ դեր է խաղում ծովային էկոհամակարգում: Նա իսկական փոկերի ընտանիքի եզակի ներկայացուցիչն է՝ Կասպից ծովի կենդանական աշխարհի միակ ծովային կաթնասունը։ Կասպիական փոկի երկարությունը հասնում է 160 սանտիմետրի, մարմնի քաշը՝ մինչև 100 կիլոգրամ։