Վերծանվել է Իսպանիայի թագավոր Չարլզ V-ի նամակը
Ֆրանսիացի գաղտնագիրները վերծանել են Իսպանիայի թագավոր Չարլզ V-ի նամակը, որում վերջինս գրեթե 500 տարի առաջ իր դեմ մահափորձ նախապատրաստելու մտավախություններից էր խոսել: «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է 20minutes-ը։
1547 թվականին թագավորի նամակն ուղարկվել է Փարիզում իր դեսպան՝ Ժան դե Սեն-Մորիին։ Փաստաթուղթը պահվում է Լոթարինգիայի Նենսի քաղաքի գրադարանում։
Վերծանումը բացահայտել է հարաբերությունները Ֆրանսիական թագավորության և Սուրբ Հռոմեական կայսրության միջև:
Լոթարինգիայի համակարգչային հետազոտությունների լաբորատորիայի կրիպտոգրաֆները նամակի վրա աշխատել են կես տարի։ Աշխատանքն ընթացել է համակարգչի օգնությամբ։
Մասնագետները խոստովանել են, որ Չարլզ V-ի օգտագործած ծածկագիրը «սատանայական» է եղել, բացի դրանից, նամակում եղել են բառեր, որոնք կոդավորված են եղել մեկ նիշով, իսկ ձայնավորները նշվել են հատուկ նշաններով: Կայսրը օգտագործել է նաև «զրոյական խորհրդանիշներ», որոնք ոչինչ չէին նշանակում։
Տեքստը կարդալու գործում որոշիչ դեր է խաղացել միջնադարյան պատմաբան Կամիլա Դեսանկլոն։ Նա գաղտնագրողներին պատմել է ևս մեկ նամակի գոյության մասին, որը գրվել է նույն կոդի կիրառմամբ։
Ինչպես պարզվել է, Չարլզ V-ը նամակում մտահոգություն է հայտնել Ֆրանսիայի և նրա թագավոր Ֆրանցիսկոս I-ի հետ հարաբերությունների սրման կապակցությամբ: Նամակում նա հիշատակել է իր դեմ մահափորձի մասին լուրերը, որն իբր պատրաստել էր ֆրանսիական ծառայության մեջ գտնվող ֆլորենցիացի Պիերո Ստրոցցին:
Վերծանված նամակը «ցույց է տվել բավականին դեգրադացված վիճակ» 1547 թվականին Ֆրանսուա Իերի և Սուրբ Հռոմեական կայսր Չարլզ V-ի հարաբերությունների միջև՝ չնայած երեք տարի առաջ ստորագրված խաղաղության պայմանագրի:
«Չնայած այս խաղաղությանը, երկու միապետներն էլ պահպանում էին «չափազանց ուժեղ» փոխադարձ «անվստահությունը» և ձգտում էին «թուլացնել» միմյանց»,- ասվում է հրապարակման մեջ: