Կատարում սպառնացել են ձերբակալել բրիտանացի լրագրողին
Daily Mail-ի լրագրող Քեթրին Բեթը տհաճ իրավիճակում է հայտնվել Կատարում ընթացող աշխարհի 2022 թվականի առաջնության ժամանակ։ Լրագրողը տեսանկարահանել է ԱԱ-ի՝ Գանա-Ուրուգվայ խաղից առաջ տեղի ունեցած մասսայական անկարգությունները, ինչից հետո անվտանգության աշխատակիցները շրջափակել են նրան, սպառնացել են ձերբակալել և ստիպել են ջնջել տեսանյութը։
Daily Mail-ի իր սյունյակում Բեթը պատմել է, որ գանացի երկրպագուներին թույլ չեն տվել մարզադաշտ մտնել կազմակերպիչների մեղքով, ինչի արդյունքում քաշքշուկ է սկսվել։ Կանայք և երեխաները խուճապի են մատնվել տեղի ունեցածից։ Աֆրիկացի երկրպագուները ցատկել են պատնեշների վրայով և ներխուժել են մարզադաշտ։ Բրիտանացի լրագրողն այս ամենը տեսագրել է, ուղարկել է իր խմբագրություն և մոտեցել է մարզադաշտին, ինչից հետո նրան անվտանգության 8 աշխատակից շրջափակել է․
«Անընդհատ հարցնում էի, թե ինչու են ինձ պահում, տղամարդկանցից մեկը վերջապես ասաց, որ նրանք տեսել են, թե ես ինչպես եմ նկարահանում իրականացրել, և որ ես դրա իրավունքը չունեմ։ Ես բացատրեցի, որ հավատարմագրված լրագրող եմ, և նրանց ցույց տվեցի իմ հավատարմագրի էլեկտրոնային տարբերակը, բայց նրանք պատասխանեցին, որ ես թույլտվության թղթային տարբերակը պետք է ունենամ ձեռքիս տակ։ Հետո նրանք հայտարարեցին, որ ես երկու տարբերակ ունեմ՝ կա՛մ պետք է ջնջեմ տեսանյութը, կա՛մ նրանք ինձ կտանեն ոստիկանություն։
Ես համաձայնեցի ջնջել տեսանյութը, բայց նրանք վերցրին հեռախոսս ու սկսեցին ստուգել էլեկտրոնային փոստն ու մեսենջերները, որպեսզի համոզվեն, որ տեսանյութը որևէ մեկին չեմ ուղարկել։ Բախտս բերեց, որ խմբագրությանն ուղարկած հաղորդագրությունը հասցրել էի արագ ջնջել»,- գրել է Բեթը Daily Mail-ի իր սյունյակում։
Աղբյուր ArmSport.am