Աստանայում Ուկրաինայի դեսպանատունը ռումբի սպառնալիքով նամակ է ստացել
Ղազախստանի ոստիկանությունը որոնում է անձանց, ովքեր էլեկտրոնային փոստով նամակ են ուղարկել Ուկրաինայի դեսպանատուն՝ ականապատման սպառնալիքով։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի՝ դեկտեմբերի 4-ին, հայտնել են Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունում։
Հաղորդվում է, որ ստուգման ընթացքում հանրապետության հատուկ ծառայությունները պայթուցիկ չեն հայտնաբերել։ Աշխատակիցների և այցելուների տարհանում չի իրականացվել։
Ուկրաինայի դեսպանատներն ու հյուպատոսությունները շարունակում են տարբեր սպառնալիքներ ստանալ։ Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն հայտնել է, որ երկրի դեսպանատները Հունգարիայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Խորվաթիայում, Իտալիայում, Ավստրիայում, գլխավոր հյուպատոսությունները Նեապոլում և Կրակովում, Բռնոյի հյուպատոսությունը ստացել են կենդանիների աչքերով փաթեթներ։
Հիշեցնենք, նոյեմբերի 30-ին Մադրիդում Ուկրաինայի դեսպանատան մոտ պայթուցիկ սարք էր գործարկվել։ Պայթյունի հետևանքով դեսպանատան աշխատակիցը թեթեւ վնասվածքներ էր ստացել և կարողացել էր ինքնուրույն հասնել հիվանդանոց։