«Գյումրիում «բնակարանամուտ» շոուին մասնակցած մի քանի ընտանիքի ձեռքից վերցրել են բանալիները»
Գյումրիում «բնակարանամուտ» շոուին մասնակցած մի քանի ընտանիքի ձեռքից վերցրել են բանալիները, ասել են, թե դրանք սիմվոլիկ բանալիներ են ու մարդկանց ուղարկել են իրենց դոմիկներով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում ահազանգել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Սփյուռքին քցելու հերթական շոուն
Նոյեմբերի 24-ին Հայաստան համահայկական
հիմնադրամը, հերթական թելեթոնի շրջանակում, մի լալահառաչ սյուժե էր սարքել, թե ինչպե՞ս հիմնադրամի՝ «Մեր Գյումրին» ծրագրով, Սփյուռքի հանգանակությամբ, կառուցվել է երկու 6 հարկանի շենք, 36 բնակարանով ու մենք բոլորս, Սփյուռքն էլ հետը, տեսավ, թե ինչպե՞ս այս հոկտեմբերի 31-ին, երջանիկ գյումրեցիները, նրանք, ովքեր անցած 34 տարիներին որեւէ բնակարանային ծրագրում ներառված չեն եղել, արցունքն աչքերին ստացան իրենց տների բանալիներն ու պատրաստվեցին բնակարանամուտի։ Բայց, թե ի՞նչ եղավ դրանից հետո՝ դա արդեն Ֆելինիին արժանի սյուժե է։
Ինձ դիմել են հոկտեմբերի 31-ի «բնակարանամուտ» շոուին մասնակցած մի քանի ընտանիք, ովքեր խնդրեցին էս պահին իրենց անունները չհրապարակել, հույս ունենալով, որ մի ինչ-որ պահի իրենց երեւի տուն կտան եւ պատմեցին, որ տեսանյութը նկարելուց հետո իրենց ձեռքից վերցրել են բանալիները, ասել են, թե դրանք սիմվոլիկ բանալիներ են ու մարդկանց ուղարկել են իրենց դոմիկներով, խոստանալով հետո զանգել։
Պարզվում է, որեւէ ընտանիք մինչ օրս այդ երկու շենքում չի բնակվում, շենքերի պահակները բնակարանների «տերերին» թույլ չեն տալիս մտնել շենք եւ նկարել իրենց «բնակարանները», ասելով, թե Հայաստան համակայկական հիմնադրամից արգելել մարդկանց ներս թողնել։
Բայց «սիմվոլիկ բանալի» ստացած ընտանիքի անդամներից մեկը նկարել եւ ինձ է փոխանցել, իբր, արդեն ֆուլ բնակեցված երկու շենքերից տեսանյութ, ուր հստակ երեւում է, որ որեւէ բնակարան մինչ այս պահը բնակեցված չէ։
Հա, ի դեպ, նոյեմբերի 24-ին, թելեթոնի ժամանակ ցուցադրված երջանիկ գյումրցիների տեսանյութը դիտելուց հետո, Սփյուռքը հանգանակել է եւս մի քանի միլիոն դոլար եւ «Մեր Գյումրին» ծրագրի շրջանակներում Գյումրիում եւս երկու, այս անգամ արդեն 7 հարկանի շենք են կառուցում։
Ո՞ւմ համար՝ պարզ չի։
Հա, սա ես չեմ գրում Հայաստանի իշխանությունների համար։ Վստահ եմ, այս մեծ աֆյորայից իրենք լավ տեղյակ են։
Պարզապես ուզում եմ, որ Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն ու Սյփուռքի մեր հայրենակիցները կապ հաստատեն տեսանյութում բանալիներ ստացած «երջանիկ» գյումրեցիների հետ ու փորձեն օգնել մարդկանց։
Այս պահին այսքանը։ Հա, մեկ էլ ավելորդ թիթիզություններ չանեք, վազեք մի երկու ընտանիք ափալ-թափալ բնակեցնեք, ձեր անձնական օգտագործման տելեներով ֆեյք սյուժեներ սարքեք։ Չնայած՝ դուք էնքան սրբապիղծ եք, որ էդ թեթեւ բլեֆն ի՞նչ է, որ չանեք։ Էդպիսի բլեֆներ ե՞ք արել։
Տեսանյութում՝ շահագործման հանձնված ու «ֆուլ բնակեցված» դատարկ շենքերն են, իսկ մեկնաբանության մեջ տեղադրել եմ Հայաստան համահայկական հիմնադրամի ռեպորտաժը՝ երջանիկ գյումրեցիների մասին, ովքեր եկան, ստացան իրենց բնակարանների բանալիները, բայց ֆիլմի հաջորդ դուբլը՝ բանալիները հետ վերցնելու ֆինալային կադրը՝ իդիլիկ այդ ռեպորտաժում չկարշ»,-գրել է նա։