Էրդողանը կոչ է արել Շոլցին «չեզոք դիրքորոշում պահպանել» Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հարաբերություններում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ասել է, որ Անկարան Գերմանիայից ակնկալում է «չեզոք դիրքորոշում» Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հարաբերություններում, գրում են թուրքական ԶԼՄ-ները։
Նա նաեւ նշել է, որ «հատուկ նշանակություն» է տալիս Գերմանիայի կանցլերի հետ սերտ երկխոսությանը՝ բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերություններն ամրապնդելու համար։
Գերմանիայի եւ Թուրքիայի ղեկավարների միջեւ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Շոլցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակցի համար «անընդունելի է կասկածի տակ դնել մյուս անդամի ինքնիշխանությունը»։ Այս մասին նա ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ Աթենքում կայացած հանդիպման ժամանակ՝ չնշելով Թուրքիային:
Շոլցը Միցոտակիսի հետ հանդիպման ժամանակ նաեւ հայտարարել է, որ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնությունները կարող են լուծվել երկխոսության միջոցով եւ միջազգային իրավունքի հիման վրա, եւ որ բարիդրացիական հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն ոչ միայն երկու երկրների, այլեւ Եվրոպայի եւ անդրատլանտյան դաշինքի համար։