Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 147. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2018 թվականից սկսած՝ իր պաշտոնավարման մեկնարկից մինչեւ օրս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ մանիպուլատիվ հայտարարություններով է հանդես եկել, որոնք վերաբերել են նաեւ պաշտպանության ոլորտին, ռազմական ծախսերին:
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է դրանցից եւս մեկը: 2021 թվականի հունիսին՝ Արմավիրի մարզ կատարած նախընտրական այցի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ իբրեւ թե բանակի 10 տարվա ընթացքում ձեռք բերված զինամթերքի 75-80 տոկոսն իր կառավարության օրոք է ձեռք բերվել: Ավելի վաղ նա հայտնել էր, որ 2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ՝ ավելի է մոտ 4.5 տոկոսով:
Ռուսական պարբերականն այդ ժամանակ եւս հոդված էր հրապարակել, որտեղ պնդում էր, որ Փաշինյանը մարդկանց մոլորեցնելու համար մանիպուլյացիայի է դիմում, ստում է՝ հատկապես սպառազինության վրա ծախսված միջոցների առումով: Հոդվածից մեջբերումներ այդ ժամանակ կատարել էր 168.am-ը:
«Զենքի մատակարարման վերաբերյալ բոլոր պայմանագրերը կնքվել են մինչեւ 2018 թվականը, որից հետո դրանք միայն կատարվել են, այն էլ՝ ոչ ամբողջությամբ, խիստ կրճատված եւ աղավաղված: Մասնավորապես, ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի՝ 2019 թվականի ծախսերի մեծ մասը՝ 190 միլիոն դոլարը, ուղղվել է ավիացիային, այսինքն՝ հենց այն «Սու-30»-ների գնմանը, որոնք մատակարարվել էին առանց զինամթերքի եւ չէին ներգրավվել պատերազմին: Եթե սրանք չհաշվենք, ապա Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանին ՀՕՊ-ի եւ հրթիռների համար բաժին է ընկնում ընդամենը 58 միլիոն դոլար, ընդ որում՝ ՀՕՊ-ից ավելի վաղ նախատեսված ՁԿՀ-երի գնումները, ինչպես նաեւ Հորդանանից ձեռք բերված անպետք «Օսա-ԱԿ»-ները, որոնք ոչնչացվել են առաջին իսկ օրը»,- ասվում է հոդվածում:
Այսինքն՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիա է արել: