«Մեր արած ծակերը ուրիշ է, զարդանախշերի մեջ մխրճված «բոլտը»՝ ուրիշ. Ավինյանը պնդում է, որ քաղաքը վնաս չի կրել
Լուսավորության աշխատանքները կատարվել են մասնագետների կողմից. Շենքերին փակցման հետ կապված քաղաքացիների մտահոգությունը վստահաբար փարատվելու է, քանի որ աշխատանքային խմբերից մեր պահանջը եղել է, որ այն նվազագույն միջամտությունը, որ արվում է, հետագայում շենքերը անվնաս վերադարձվելու են նախնական տեքստին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ Հանրապետության հրապարակի շենքերի վրա անցքեր են արվել՝ լուսավորություն տեղադրելու համար:
Ավինյանը շրունակեց. «Ասեմ ավելին, տվյալ թեմայի շուրջ շատ են եղել շահարկումներ։ Դեռևս շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր կան, մետաղա ձողեր են մնացել, որոնց վերացման աշխատանքները նույնպես մեր ուշադրության կենտրոնում են լինելու գարնանը։ Առհասարակ պատմամշակութային հուշարձանների հետ կապված մենք գարնանը մեծ ծրագիր ունենք, որի մասին կհասցնենք խոսել»:
Հարցին, թե որքան վնաս է կրել Հանրապետության հրապարակը այս ամենի արդյունքում, Ավինյանը պատասխանեց. «Վնաս որպես այդպիսին քաղաքը չի կրել, այն թեմաները, որոնք շրջանառվում են, այն նկարները, որոնք տարածվում են համացանցում, այն պատկերները, որոնք կապվել են քաղաքապետարանի աշխատանքների հետ, մետաղյա ձողերը, զարդանախշի մեջ կներեք արտահայտությանս համար «բոլտը», մեզ հետ կապ չունեն։ Այո, այդ շենքերին ժամանակին շատ մեծ վնասներ են հասցվել, և այդ վնասները նույնպես այս ընթացքում արձանագրել ենք, գարնանը պատրաստվում ենք անդրադառնալ այդ հարցերին: Որպես այդպիսին իրականացվել է նվազագույն միջամտություն լուսավորության տեղադրման համար»:
Երեւանի մեկ այլ փոխքաղաքապետ՝ Սուրեն Գրիգորյանն էլ հավելեց. «Խորը հետազոտություն անելու անհրաժեշտություն չկա, որպեսզի հասկացվի՝ այսօր Հանրապետության հրապարակի շենքերի վրա առկա ձողերը, անցքերը կապ ունեն այս նախագծի հետ, թե ոչ: Եթե վրան լուսավորություն կախված է, ուրեմն կապ ունի, եթե կախված չէ, ուրեմն կապ չունի»:
Դիտարկմանը, որ շուրջ 500 տեղ ծակվել են քարերը եւ լույսեր են ամրացվել, դրանով չի՞ վնասվում քարը, փոխքաղաքապետը պատասխանեց. «Ոչ, վնաս չէ, դա այն միջամտությունն է, որ ողջամիտ ու անհրաժեշտ էր այդ զարդարանքը տեղադրելու համար, իսկ հետեւանքները վերացվելու են: Այն ծակերը, որ արվել են եւ մենք չենք հերքում, որ արվել են, դա ուրիշ է, զարդանախշերի մեջ մխրճված հեղույսը ներկայացնելը ուրիշ է»: