«Հրապարակ». Բոլորին 24 ժամ և ամենուր կհետևեն
Հայաստանի Հանրապետությունում հանցագործություններն իբր կանխարգելելու եւ արագ բացահայտելու քողի ներքո հայրենի ոստիկանությունը մտադիր է վերահսկել շարքային քաղաքացիներին, հետեւել շարժերին։ Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել մի օրենքի նախագիծ, որով պահանջում է կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ուղեսրահներում տեղադրել տեսախցիկներ․ «Տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու եւ տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավորություն ունենան տեսահսկելու ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահը եւ ավտոբուսի կամ միկրոավտոբուսի դիմացի հատվածն ամբողջությամբ»: Իսկ այդ տեսախցիկները պետք է հսկվեն «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի» կողմից՝ 24-ժամյա ռեժիմով։ Իսկ տեսախցիկների ծախսը պետք է հոգան ուղեւորափոխադրող ընկերությունները։
«Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզիաներ ստացած իրավաբանական անձինք պարտավոր են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, իրականացնել ավտոբուսների կամ միկրոավտոբուսների ուղեսրահները տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը»,- ասվում է նախագծում։
Սակայն սա ամենը չէ, «ավտոկայանատեղեր ունեցող» բոլոր մարմինները՝ կլինեն խանութներ, խաղատներ, վարսավիրանոցներ, թե այլ բան, եւս պարտավոր են «իրենց էլեկտրոնային համակարգերին առցանց ռեժիմով հետեւելու եւ դրանց արխիվային ձայնագրություններից օգտվելու հասանելիություն տրամադրել» ՀՀ ոստիկանությանը։