ԲԴԽ նախագահի և անդամների աշխատավարձը կբարձրացվի 665.000 և 500.000 դրամով. գործադիրի հերթական չզեկուցվող հարցը
Գործադիրն այսօրվա նիստում հավանության արժանացրեց դեռ հոկտեմբերից Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում քննարկումների դրված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ԲԴԽ անդամներից յուրաքանչյուրին ամսական վճարել հավելյալ շուրջ կես միլիոն դրամ, իսկ ԲԴԽ նախագահին՝ 665.000 դրամ։
Փոփոխությունների նախագիծն առաջարկել է Արդարադատության նախարարությունը. այն չզեկուցվող հարցերի փաթեթում էր: Հիմնավորման մեջ նշվում է՝ «Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը սահմանվում է օրենքով, և այն չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից»:
Ի դեպ, առաջարկվում է օրենքի նախագիծը համարել անհետաձգելի և ԱԺ-ում ընդունել արագացված կարգով՝ պարզաբանմամբ. «Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի ծախսերում փոփոխություն է առաջանալու: Սահմանադրության 110-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով պետական բյուջեն ընդունվում է մինչև բյուջետային տարվա սկիզբը: Հետևաբար, Նախագծով Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամներին տրամադրվող հավելումները Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի ծախսերում արտացոլվելու նպատակով անհրաժեշտ է ապահովել Նախագծի ընդունումը մինչև պետական բյուջեի եկամուտները և ծախսերը արտացոլող՝ 2023 տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունումը»:
Նախագծի ընդունման արդյունքում հաջորդ տարվա հավելումների ընդհանուր գումարը կազմելու է 61.900.800 ՀՀ դրամ՝ 1 տարվա կտրվածքով:
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից: Ըստ հիմնավորման՝ այս քայլը դիտարկվում է Կառավարության կողմից հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ առանցքային բարեփոխումների իրականացման շրջանակում: