Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթություն ստացածները ատեստավորման քննություններ կհանձնեն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 2204-Ա/2 հրամանով հաստատվել է «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց 2022 թվականի պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման» ընթացակարգը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած և վերջին 10 տարվա ընթացքում ուսումնառած մասնագիտության համապատասխան ոլորտի 3 կամ վերջին 3 տարվա ընթացքում 1 տարվա աշխատանքային ստաժ ունեցող շրջանավարտի պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 502 սենյակ) 2022 թվականի դեկտեմբերի 1-ից 23-ը ներառյալ՝ բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի, ժամը 1000–ից մինչև 1700 (ընդմիջում` 1300-1400):
Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական հաստատության շրջանավարտը սահմանված ժամկետում ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացնում.
լրացված դիմում-հայտ՝ համաձայն ձև 1-ի (կցված է).
ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) (չներկայացնելու դեպքում՝ բացատրություն ներդիրի բացակայության վերաբերյալ) բնօրինակները և պատճենները.
անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.
2 լուսանկար (3 X 4 չափի).
տեղեկանք աշխատանքի վայրից:
Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են շրջանավարտի կամ նրա լիազորված անձի կողմից` ներկայացնելով համապատասխան լիազորագիր:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 599-623 հեռախոսահամարով կամ օգտվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության escs.am կայքից:
Ի գիտություն ընդունել նաև, որ պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) ունեցող շրջանավարտը, որը չունի վերջին 10 տարվա ընթացքում ուսումնառած մասնագիտության համապատասխան ոլորտի 3 կամ վերջին 3 տարվա ընթացքում 1 տարվա աշխատանքային ստաժ, կարող է իր ուսանողական իրավունքը վերականգնել՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանի պահանջների և առնվազն մեկ ուսումնական տարի ուսումնառելուց հետո մասնակցել իր ուսանողական իրավունքը վերականգնած ուսումնական հաստատությունում պետական ամփոփիչ ատեստավորմանը: