Պենտագոնն Ուկրաինայի համար 1,2 մլրդ դոլարի NASAMS ՀՕՊ համակարգերի արտադրության պայմանագիր է կնքել
Պենտագոնը Raytheon Technologies Co. ընկերության հետ կնքել է 1.2 մլրդ դոլարի պայմանագիր, որի շրջանակերում ևս 6 «երկիր-օդ» դասի NASAMS հրթիռային համակարգեր կարտադրվեն և կտրամադրվեն Ուկրաինային: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից:
Վաշինգտոնը հաստատել է Կիևին 8 NASAMS հրթիռային համակարգերի մատակարարումը, որոնք պետք է օգնեն հետ մղել ռուսական հրթիռների և ԱԹՍ-ների հարվածները: Ուկրաինան նոյեմբերին ստացել է այդ համակարգերից երկուսը:
Մյուսները կուղարկվեն առաջիկա ամիսներին՝ արտադրվելուց հետո: Պայմանագիրը ներառում Է նաև մարտկոցներ, անձնակազմի ուսուցում և լոգիստիկ աջակցություն:
Պենտագոնը նշել է, որ NASAMS հակաօդային պաշտպանության միջոցները Ուկրաինայում ռուսական հրթիռների խոցման գործում մինչև այժմ ունեցել են արդյունավետության 100 % ցուցանիշ:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի մեկնարկից ի վեր Վաշինգտոնը Կիևին է տրամադրել 19.3 միլիարդ դոլարի աջակցություն պաշտպանության ոլորտում: