«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 145
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում է կայացրել, որ կառավարման մոդելի փոփոխություն չի արվելու, նախագահական կամ կիսանախագահական անցում չի լինելու, պետական կառավարումը մնալու է խորհրդարանական»,- երեկ հայտնել է խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը: Ընդ որում՝ հանձնաժողովում ոչ բոլորն են համակարծիք եղել համակարգ չփոխելուն: 2019 թվականի մարտին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասել, թե կառավարման նախագահական համակարգին վերադառնալու անհրաժեշտություն չկա:
Կառավարման համակարգի վերաբերյալ վարչապետի մոտեցումները լուրջ էվոլյուցիա են ապրել եւ փոփոխությունների են ենթարկվել: Փաստացի Նիկոլ Փաշինյանը դեմ էր սուպերվարչապետական համակարգին, քանի դեռ ինքը չէր վարչապետը:. Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը հայտարարեց, որ պետական կառավարման համակարգում պետք է բալանսավորում տեղի ունենա, որը, սակայն, մեկ օրում չի լինելու. «Երբ մենք խորհրդարանական կառավարմամբ համակարգ ենք ստեղծել, բալանսավորում եղել է: Այսօրվա մեր Սահմանադրությամբ ՀՀ նախագահն ունի արարողակարգային գործառույթներ, եւ բալանսավորումը պետք է տեղի ունենա ոչ թե նախագահի ու վարչապետի միջեւ, այլ կառավարության եւ Ազգային ժողովի միջեւ: Սա է խորհրդարանական համակարգի տրամաբանությունը»:
Այնուհետեւ՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Փաշինյանը հայտարարեց, որ եթե ժողովուրդը ցանկանա, ապա պետական կառավարման կարգը կփոխվի: Այժմ ժողովրդի ցանկությանը Փաշինյանը չի ցանկանում ականջալուր լինել եւ հայտարարում է, որ, իր կարծիքով, նման անհրաժեշտություն չկա: Հիմա էլ արդեն իր խոսքերն ամրագրվում են փոփոխություններով, այսինքն՝ նա կրկին մանիպուլացրել է, եւ հայտարարություններն իրար չեն համապատասխանում:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: