Պերուի լողափերին թռչնի գրիպից մահացած ավելի քան 10 հազար հավալուսն են հայտնաբերել
Պերուի մասնագետները վերջին շաբաթներին երկրի լողափերին հայտնաբերել են մոտ 14 հազար մահացած վայրի թռչուն, որոնցից 10 հազարը՝ հավալուսն։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով անտառների եւ վայրի կենդանական աշխարհի պաշտպանության ազգային ծառայությանը։
Նշվել է, որ թռչունների մահվան պատճառը թռչնի գրիպն է։
«Վերջին պաշտոնական հաշվետվությունում, որը հրապարակվել է ծառայության կողմից՝ ամբողջ երկրից ստացված տվյալների հիման վրա, տեղեկացվել է 13 869 վայրի ծովային թռչունների մասին, որոնք մահացել են H5N1 թռչնի գրիպից»,- ասել են մասնագետները։
Արգելոցային գոտիների տարածքում եւ դրանց սահմաններից դուրս գտել են 10 257 մահացած հավալուսն, 2 919 մահացած պերուական խոլահավ եւ 614 կապտաոտ խոլահավ։