Amazon-ը «ամպային» ստորաբաժանման հաստիքակազմը կավելացնի 2023 թվականին
Ամերիկյան Amazon.com Inc-ը հաջորդ տարում կավելացնի «ամպային» ծառայություններով զբաղվող ստորաբաժանման աշխատակիցների թիվը, ինչպես նաև կշարունակի տվյալների կենտրոնների կառուցումը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից:
Նոյեմբերին ավելի վաղ ընկերությունը հայտարարել Էր իր մի շարք ստորաբաժանումներում նախատեսվող կրճատումների կամ նոր աշխատակիցների ընդունումը դադարեցնելու մասին, սակայն այդ իրադրությունը, ըստ երևույթին, չի վերաբերում Amazon-ի ամենաշահութաբեր բիզնեսին: Ընկերության ավագ փոխնախագահ Մեթ Գարմանը, որը ղեկավարում Է Amazon Web Services-ի (AWS) վաճառքների և մարկետինգի բաժինները, ասել Է, որ 2023 թվականին սպասում Է հաստիքակազմի ընդլայնման: «Ես կարծում եմ, որ հաջորդ տարի մենք ևս մի քանի աշխատակիցների կընդունենք: Մեր բիզնեսն առաջվա պես արագ աճում Է», - ասել Է նա Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:
Amazon-ի «ամպային» ստորաբաժանման վաճառքները, որը տրամադրում Է տվյալների պահեստարաններ և հաշվողական կարողություններ, հունիս-սեպտեմբերին կազմել են 20,5 մլրդ դոլար՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելանալով 27 տոկոսով: Այդուհանդերձ, սա ամենադանդաղ աճն Է 2014 թվականից ի վեր, երբ Amazon-ն սկսեց հաշվետվություններում առանձին տվյալներ ներկայացնել AWS-ի վերաբերյալ: Գարմանը հայտարարել Է նաև, որ ընկերությունը «տվյալների կենտրոնների կառուցումը կդանդաղեցնի միայն այն ժամանակ, երբ դրանց պահանջարկը դանդաղի»:
«Կան մատակարարումների շղթայի բազմաթիվ մոդելներ, որոնք մեզ ասում են շարունակել տվյալների մշակման կենտրոնների կառուցումը, ուստի մենք շարունակելու ենք դրանց կառուցումը»,-ասել Է նա: Amazon-ի բաժնետոմսերի գնանշումները 0,4 տոկոսով աճում են նոյեմբերի 30-ին նախնական սակարկությունների ընթացքում: Ռիթեյլերի շուկայական արժեքն ընթացիկ տարվա սկզբից ի վեր ընկել Է գրեթե 45 տոկոսով (մինչև 958,5 մլրդ դոլարի) այն դեպքում, երբ Nasdaq Composite ֆոնդային ինդեքսը կորցրել Է շուրջ 30 տոկոս: