Մեզ համար կարևոր է, որ Շիրակում մատուցվող բժշկական ծառայությունների որակը լինի բարձր. Նազելի Բաղդասարյան
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը աշխատանքային այցով այսօր Գյումրիում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և նախարարության ու մարզպետարանի պատասխանատուների հետ այցելել է «Գյումրի» բժշկական կենտրոն»։
Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են բուժհաստատությունում, ծանոթացել 2022-ին իրականացված աշխատանքներին, նոր մեկնարկած ծառայությունների ընթացքին ու որակին։
«Մեզ համար կարևոր է, որ Շիրակում մատուցվող բժշկական ծառայությունների որակը լինի բարձր, կարևոր է, որ «Գյումրի» բժշկական կենտրոնում այս տարի լիարժեքորեն ներդրվեց կաթվածի պետական ծրագիրը, ստեղծվեց և վերանորոգվեց նոր քիմիաթերապևտիկ բաժանմունքը, իրականացվում են նախկինում անհասանելի ուռուցքային վիրահատական միջամտություններ»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։
«Մեր այցի նպատակն այն է, որ քննարկենք բուժհաստատությունների զարգացման ծրագրերը, առաջիկա անելիքները, խնդիրներին օպերատիվ լուծումներ գտնենք, մեզ համար կարևոր սկզբունքային մոտեցում է մարզերի առողջապահական համակարգի համաչափ զարգացումը»,-ընդգծել է ՀՀ առողջապահության նախարարը։
Մայրաքաղաքից հետո, Շիրակի մարզն առաջինն էր, որտեղ Կաթվածի խորհրդի համաձայնությամբ, օժանդակությամբ և պետական ֆինանսավորմամբ «Գյումրի բժշկական կենտրոնում» ներդրվել է կաթվածի պետական ծրագիրը, գործում է կաթվածի նորագույն բուժման երկու մեթոդ ՝ դեղորայքային և վիրահատական, որը ՀՀ բոլոր քաղաքացիների համար անվճար է և հասանելի։ Կենտրոնում իրականացվում է ուռուցքային հիվանդություն ունեցող անձանց հետազոտում, ախտորոշում և բուժում, նախկինում անհասանելի այնպիսի վիրահատական միջամտություններ, որոնք ոսկե ստանդարտ են համարվում ուռուցքաբանության ոլորտում։
Պատասխանատուներն այցելել են նաև Գյումրի բժշկական կենտրոնի ծննդատուն և ինֆեկցիոն բաժանմունք, Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, շրջել, ծանոթացել աշխատանքների ընթացքին, մատուցվող ծառայություններին։ Իսկ ավստրիական հիվանդանոցին կից «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալիս նախարարն ու մարզպետը խոսել են շինարարության դանդաղ ընթացքից, առաջացած հիմնահարցերից։
Պատասխանատուների վերջում քննարկել են Գյումրու թիվ 1 պոլիկլինիկային նոր շենք տրամադրելու հարցը, որի լուծմանն են միտված եղել անցած մի քանի ամիսների աշխատանքը։
«Թիվ 1 պոլիկլինիկան համայնքապատկան շենքում է, որը խալխուլ է և որևէ կերպ տիպային չէ առողջապահական ծառայություններ մատուցելու համար։ Թեև այս տարի ավագանին անվարձահատույց հատկացրեց շենքը, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քանի որ նկուղային հատվածն վարձակալված է այլ մասնավոր ընկերությունների կողմից, այնտեղ վերանորոգում իրականացնելը նպատակահարմար չէր։ Արդյունքում, նախարարության հետ երկարատև քննարկումներից հետո, նախկին Գյուլբեկյան հիվանդանոցի մեկ հատվածը կառաձնացվի և կհատկացվի Գյումրու թիվ մեկ պոլիկլինիկային, այսինքն աշխարհագրական առումով տեղափոխում չի լինի, որպիսզի բնակչության մատչելիության խնդիր առաջանա և երկրորդ էլ Գյուլբեկյան հիվանդանոցը իսկապես նպատակային է նման ծառայություններ մատուցելու համար։
Քննարկում ունեցել ենք նաև կրթության և գիտության մշակույթի և սպորտի նախարարության հետ, որովհետև իրենց շենքը հատկացվել է Շիրակի երկրագիտական թանգարանին, հիմա քննարկում ենք ամբողջ շենքի նախագծումը միանգամից իրականացնելու հարցը»,- թիվ 1 պոլիկլինիկայի չարչրկված խնդրի լուծմանն անդրադառնալով նշել է Նազելի Բաղդասարյանը։
Նշենք, որ կառավարության 2021 թվականի նոյեմբերի որոշմամբ նախատեսվում է 2021-2026 թթ․ վերակառուցել Գյումրու թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաները, Ախուրիկի բժշկական ամբուլատորիան, Պեմզաշենի առողջության կենտրոնը։