Նացիստներից փախած նկարչի ինքնադիմանկարը Գերմանիայում կարող է աճուրդային ռեկորդ սահմանել
Նկարիչ Մաքս Բեքմանի ինքնանկարը, որը ստեղծվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ նացիստական Գերմանիայից փախչելուց հետո, հինգշաբթի կվաճառվի 30 միլիոն եվրոյով, ինչը ռեկորդ է Գերմանիայում աճուրդում վաճառված նկարի համար, հայտնում է Reuters-ը։
Բեռլինի Villa Grisebach աճուրդի տունը հաշվարկել է, որ «Ինքնադիմանկար՝ դեղնավարդագույնով» գործը մինչեւ 30 միլիոն եվրոյի խաղադրույքներ կգրավի։
1943 թվականին ստեղծված ինքնադիմանկարը հազվագյուտ գլուխգործոց է, հայտնել է Villa Grisebach-ի տնօրեն եւ գործընկեր Միքաելա Կապիցկին: «Բեքմանի նման որակի ինքնադիմանկար գնելու հնարավորություն այլեւս երբեք չի լինի: Այնպես որ, դա յուրահատուկ բան է»,- ասել է Կապիցկին։
Բեքմանը, որին շատերը համարում են անցյալ դարի խոշոր ժամանակակից նկարիչ, այն ստեղծել է Ամստերդամում՝ տարագրության մեջ: Այն բանից հետո, երբ նացիստները նրա նկարները որպես «դեգեներատիվ արվեստ» են պիտակավորել, Բեքմանը եւ նրա կինը՝ Մաթիլդան, փախել են Գերմանիայից 1937 թվականին։ Ամստերդամում տարիներ շարունակ սպասելով Միացյալ Նահանգների վիզա ստանալուն՝ Բեքմանն աշխատել է անբարենպաստ պայմաններում: