«Գարնանը իշխանափոխություն կլինի». Մհեր Մկրտչյան
Տեսանյութեր«Եթե չեն կարողանում մարսել «Իշխանություն 2» ֆիլմը, ուրեմն՝ ինչ-որ բան ստացվել է ինձ մոտ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեղեկատվությանը, թե առաջիկայում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը պատրաստվում է լուծարել «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի, այսինքն՝ իր հաստիքը:
Իշխանության աջակիցները նույնիսկ բողոքի ակցիա էին կազմակերպել «Իշխանություն 2» ֆիլմի դեմ, բայց այդ ակցիային մասնակցում էր 5-10 հոգի:
«Այդ ակցիայի մասնակիցները խոստացան վառել պաստառները, հետո ֆիլմի ռեժիսորին, սցենարիստին, պրոդյուսերին, երեքն էլ ես եմ, պաստառները կախված են, ես վառված չեմ, ձեր դիմաց նստած եմ»,- նշեց Մհեր Մկրտչյանը:
Ռեժիսորը բացատրություն չունի, թե ինչու են իշխանությունները սվիններով ընդունել ֆիլմը. «Երևի, «Իշխանություն 2»-ը շատ ավելի ցավոտ է դիպչել նրանց, երևի «Իշխանություն 1»-ը, որը անցյալի, կատարվածի մասին է, լինելով, իհարկե, գեղարվեստական ֆիլմ, այդքան չի դիպչել, ինչքան «Իշխանություն 2»-ը: Այլ բացատրություն չունեմ: Ես պատրաստ եմ եղել այդ ամենին հենց առաջին օրվանից, այնպես չէ, որ զարմացա արձագանքից, ոչ մի անսովոր բան չկա»: