Մեր առաջընթացը հնարավոր չէ զսպել. ՆԱՏՕ-ն կամրապնդի իր ներկայությունը Սև ծովից մինչև Բալթիկ ծով. Բլինկեն
Հյուսիսատլանտյան դաշինքը կավելացնի իր ներկայությունը «Սևից մինչև Բալթիկ ծով»։ Այս մասին Բուխարեստում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր առաջընթացը հնարավոր չէ զսպել: Մենք կամրապնդենք ՆԱՏՕ-ի ներկայությունը Սև ծովից մինչև Բալթիկ ծով: Եվ այս ջանքերի շրջանակում մենք մշտապես աշխատում ենք միմյանց հետ... Ռումինիան չափազանց կարևոր մասնակից է այդ ջանքերին և, իհարկե, ավելի լայն ջանքերին, որպեսզի ՆԱՏՕ-ն լինի ամենաուժեղ պաշտպանական դաշինքը»,- ասել է դիվանագետը Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուի հետ հանդիպումից հետո։
Նա հավելել է, որ սևծովյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի դաշինքի համար և հանդիսանում է «ՆԱՏՕ-ի պաշտպանության» չափազանց կարևոր տարր։
«Մենք հանձնառու ենք կառուցել ժամանակակից և փոխգործունակ զինված ուժեր, որոնք օգտակար կլինեն ՆԱՏՕ-ի ողջ տարածքում, այդ թվում՝ Սև ծովում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։