Բացվել է Եղիշե Չարենցի հիշատակը հավերժացնող հուշատախտակը
Նոյեմբերի 28-ին Մաշտոցի 17 բնակելի շենքի առաջնապատին (Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ) բացվել է Ե. Չարենցի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, Չարենց ընտանիքի անդամները:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի նշմամբ՝ տարին չարենցյան է, որի շրջանակում էլ իրականացվել են մի շարք ծրագրեր. այդ թվում մեծ կարևորություն ներկայացնող «Չարենցն ու իր ժամանակաշրջանը» խորագրով գիտաժողովը: Հատկանշական է, որ Չարենցին նվիրված հոբելյանական ծրագիրը եզրափակվում է կարևոր նախաձեռնությամբ՝ բանաստեղծի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացմամբ և դրան հաջորդող միջոցառումներով:
Միջոցառմանը հաջորդել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, «Անտարես» հրատարակչության և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի կնքումը: Վերջինիս նպատակն է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանից սկսած տարեցտարի պատրաստել Եղիշե Չարենցի ստեղծագործությունների նոր ակադեմիական հրատարակությունը՝ «Երկերի ժողովածու» 13 հատորով:
Հաշվի առնելով այն, որ 2022 թվականին լրացել է նաև բանաստեղծի ավագ դստեր Արփենիկ Չարենցի ծննդյան 90-ամյակը՝ միջոցառումները եզրափակվել են «Չարենցի աղոթքները» վերահրատարակված գրքի շնորհանդեսով և «Արփենիկ Չարենց-90» ցուցահանդեսի բացմամբ: Ցուցահանդեսը կգործի մինչև 2023 թվականի փետրվարի 10-ը:
Միջոցառման շրջանակում Ափենիկ Չարենցի որդին՝ Արմեն Չարենցը, ներկաների պատմել է իր մանկության հուշերը, այնուհետև տուն թանգարանին է հանձնել Չարենցին նվիրած Գ. Սունդուկյանի դստեր գիրքը, որն էլ Չարենցը նվիրել էր Արփենիկին:
Նոյեմբեր 27-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, Հայաստանի գրողների միության և Ե. Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի ներկայացուցիչներն այցելել են Եղիշե Չարենցի հուշարձանին: