Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի ընդլայնման համար նախատեսում է ներդրումներ կատարել
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի ընդլայնման նախագծում Ադրբեջանի ներդրումները կգերազանցեն 100 մլն դոլարը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում: Հաղորդում է Aliq Media-ն։
Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմը սկսում է ներդրումներ կատարել այս երկաթուղու վրացական հատվածի ընդլայնման համար՝ երկրի տարածքով բեռնափոխադրումների ծավալների ավելացման ֆոնին։ Նրա խոսքով, նախագիծը կավարտվի մեկ կամ մեկուկես տարում։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը ներդրումներ է անում նաև երկաթուղային համակարգի, տրանսպորտային ենթակառուցվածքների, հատկապես օդային և բեռնափոխադրումների արդիականացման մեջ։ Այս աշխատանքների շրջանակում նախատեսվում է ավելացնել առևտրային նավահանգստի տարեկան բեռնափոխադրման հզորությունը՝ 15 միլիոնից մինչև 25 միլիոն տոննայի։
«Այսօր աշխարհում նոր աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվել, և անհրաժեշտ է ավելացնել բեռնափոխադրումների ծավալը Ադրբեջանի տարածքով»,- ասել է Ալիևը։
Հարկ է նշել, որ Ալիևը նախկինում բազմիցս ասել է, որ Ադրբեջանը 2022-2023 թվականներին ներդրումներ կանի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու զարգացման մեջ՝ երկաթուղու թողունակությունը տարեկան 5 մլն տոննա բեռի հասցնելու համար։
Նշենք, որ երկաթուղին շահագործման է հանձնվել 2017 թվականի հոկտեմբերի 30-ին։ Այս նախագծի շրջանակներում կառուցվել է Կարս-Ախալքալաք 98 կմ երկարությամբ երկաթգիծը, որից 68 կմ-ն անցնում է Թուրքիայի տարածքով, իսկ 30 կմ-ը՝ Վրաստանով։ Բացի այդ, Վրաստանում իրականացվել է Ախալքալաք-Թբիլիսի 183 կմ հատվածի վերակառուցումը։ «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ի փոխանցմամբ՝ վրացական հատվածի աշխատանքները ֆինանսավորել է Ադրբեջանը, որը Վրաստանին երկու արտոնյալ վարկ է հատկացրել՝ ընդհանուր 775 մլն դոլարի չափով։
Ի դեպ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ընդհանուր երկարությունը 826 կմ է։ 2021 թվականին երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը կազմել է 476,9 հազար տոննա, ինչը 2,1 անգամ գերազանցում է 2020 թվականի ցուցանիշը։