ՀՀ քաղաքացին օժանդակել է ամուսնուն՝ կատարելու պետական դավաճանություն, նա կալանավորվել է. Դատախազություն
Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված բողոքը և բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ անթույլատրելի ճանաչելով պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ին կալանքից գրավով ազատելը:
Ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Պ-ն, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, օժանդակել է ամուսնուն՝ կատարելու պետական դավաճանություն: Մասնավորապես՝ 2021 թվականին Ա.Պ.-ն, ամուսնու պահանջով, ազգականների միջոցով ճշտել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի տեղակայման հասցեն, և որոշակի գումարի դիմաց՝ օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին հանձնելու նպատակով, հաղորդել ամուսնուն: Վերջինս տեղեկությունները փոխանցել է օտարերկրյա հատուկ ծառայություններին:
2022 թվականի ապրիլի 29-ին քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2022 թվականի հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով Ա.Պ.-ի վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը, ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել է և կիրառել անազատության հետ չկապված խափանման միջոց: Մեղադրանքը պաշտպանող դատախազի կողմից նշված դատական ակտի դեմ ներկայացվել է հատուկ վերանայման բողոք, որը Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ին բավարարել է:
Դատարանը, մասնավորապես, հաշվի է առել վերագրվող արարքի բնույթը, հանրային վտանգավորությունը, ինչպես նաև քրեական վարույթով հաստատված փաստական տվյալները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ամբաստանյալը կարող է անօրինական ազդեցություն ունենալ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա, որի պայմաններում անգամ գրավի գումարը վճարված լինելու հանգամանքը չի կարող նրա կողմից ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հավանականությունը չեզոքացնել:
Վերաքննիչ դատարանի որոշումն ուղարկվել է Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն՝ կատարման նպատակով:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: