ՀՀ գլխավոր դատախազը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզի դատախազությունում
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 26-ին աշխատանքային այցով Արարատի մարզում էր: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Արտաշատ համայնքում տեղակայված Արարատի մարզի դատախազությունում Աննա Վարդապետյանն անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, մարզի նորանշանակ դատախազ Ռաֆայել Մանուկյանը, իրավապահ կառույցների մարզային ղեկավարները, ինչպես նաև մարզի դատախազության դատախազներն ու Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնակատարը:
Գլխավոր դատախազ Վարդապետյանը ողջույնի խոսքում շնորհավորել է Ռաֆայել Մանուկյանին՝ մարզի դատախազի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ մարզային իրավապահ մյուս կառույցների հետ համագործակցված և գործընկերային աշխատանքի միջոցով, առանց անցումային փուլի անհրաժեշտության, հնարավորինս սահուն ու արդյունավետ կշարունակվի վարույթներում գտնվող գործերի հսկողությունը:
Աննա Վարդապետյանը շեշտել է, որ Ռաֆայել Մանուկյանի նշանակումը հուշում է իր կադրային քաղաքականության տրամաբանության մասին և այդ համատեքստում հատուկ ընդգծել է, որ իր աշխատանքային պարտականությունների կատարման պատասխանատվությունը ցանկանում է կիսել դատախազների հետ, որոնք ունեն վարքագծի և մասնագիտական պահանջների առավելագույն նշաձող, ամենօրյա աշխատանքով կատարելագործում են իրենց գիտելիքները և ամենակարևորը՝ նվիրված են իրենց մասնագիտությանն ու հայրենիքին:
Մարզպետ Թևոնյանը ողջունել է գլխավոր դատախազի՝ Արարատի մարզ կատարած աշխատանքային այցն ու համակարծիք եղել Աննա Վարդապետյանի դիտարկմանը, որ միայն համատեղ աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել հաջողության:
Մարզի նորանշանակ դատախազը ներկայացրել է գործընկեր կառույցների հետ աշխատանքային հարաբերությունների կազմակերպման վերաբերյալ իր մոտեցումներն ու ընդգծել, որ Դատախազությունը գործընկերների համար «երկաթե վարագույր» չէ, շփումները չպետք է վերածվեն փոստային գրագրությունների, քանի որ դրանց արդյունքում առաջին հերթին տուժում է հանրային շահը:
Խորհրդակցության երկրորդ մասում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների պատճառները. գլխավոր դատախազի կողմից տրվել են հանձնարարականներ, սահմանվել դրանց կատարման ժամկետներ: