Արարատում Opel Vectra-ով բախվել է արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված բախվել բետոնե սյուներին. կան վիրավորներ
Արարատի մարզում, այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 17։00-ի սահմաններում 29-ամյա Մհեր Մկրտչյանը Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կիսակողաշրջված վիճակում բախվել ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի բետոնե սյուներին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը Վեդու, 2-ը՝ Արտաշատի բժշկական կենտրոններ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որը վերածվել է մետաղե ջարդոնի, տեղափոխվել է ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։