Լիբանանի քաղաքացիները Խանջյան փողոցում ծեծկռտուք են կազմակերպել
Նոյեմբերի 26-ին Երևանում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները նախ կանխել են քաղաքացիների միջև ծագած ծեծկռտուքը, ապա հայնտաբերել են խոշոր չափի թմրանյութի նմանվող զանգված։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկներն Խանջյան փողոցի 15 հասցեի մոտ ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել 3 քաղաքացու։
Պարզվել է՝ նրանցից 2-ը ծեծի են ենթարկել մյուսին։ Ոստիկանություն տեղափոխվածներն են Լիբանանի քաղաքացիներ 33-ամյա Սարո Մ-ն, 28-ամյա Հարություն Մ-ն և 43-ամյա Աշոտ Պ-ն։ Հարություն Մ-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվում է թվով 5 զիփ փականով պոլիէթիլենային տոպրակ՝ յուրաքանչյուրի մեջ 1.25, 1.23, 1.26, 1.28, 1.20 գրամ սպիտակ փոշենման թմրամիջոցի նմանվող զանգված։
Հայտնաբերվել են նաև 2 դարչնագույն կոշտացած գնդեր` հաշիշ տեսակի թմրամիջոցի նմանվող, որոնցից մեկը՝ 33.31, իսկ մյուսը՝ 19.31 գրամ քաշով։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։