Մունդիալ-2022. Նիդերլանդներ-Էկվադոր խաղն ավարտվեց ոչ-ոքի
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում (A խումբ) Նիդերլանդների ընտրանին մրցեց Էկվադորի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Խալիֆ» մարզադաշտում կայացած խաղում Նիդերլանդների ընտրանին կարողացավ առաջին իսկ լուրջ հնարավորությունը գոլի վերածել: Հուժկու, հեռահար հարվածով աչքի ընկավ Կոդի Գապկոն: Վիճակագրությամբ Նիդերլանդների ընտրանին առավելություն ուներ և տիրում էր նախաձեռնությանը: Էկվադորի ընտրանին ժամանակ առ ժամանակ կտրուկ հակագրոհում էր` լուրջ անհանգստացնելով դարպասապահ Նոպերտին: Նման հակագրոհներից մեկի ժամանակ, «հանդերձարանի ճանապարհին» Էկվադորի ընտրանին հավասարեցրեց հանդիպման հաշիվը, սակայն մրցավարը չհաշվեց խփած գնդակը: Ի վերջո՝ թիմերը հանգստի գնացին Նիդերլանդների նվազագույն առավելությամբ:
Այն, ինչը չհաջողվեց անել առաջին կեսի վերջում, Էկվադորն արեց երկրորդ կեսի մեկնարկում` վերականգնելով հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց այս Մունդիալի առաջին գոլի հեղինակ Վալենսիան (նա արդեն 3 գնդակ է հեղինակել այս ԱԱ-ում):
Նիդերլանդներ-Էկվադոր` 1:1:
Խմբային փուլի երրորդ տուրում Նիդերլանդները կխաղա Կատարի, իսկ Էկվադորը` Սենեգալի հետ: Այժմ A խմբի մրցաշարային աղյուսակի առաջատարը Նիդերլանդների ընտրանին է 4 միավորով: Երկրորդ տեղում Էկվադորն է 3 միավորով: Նույնքան միավոր ունի նաև Սենեգալի ընտրանին: Միավոր չի վաստակել Կատարը: