Սերժ Սարգսյանն անձամբ շնորհավորել է Հայկյան մրցանակաբաշխության մրցանակակիրներին
Երեկ Երգի պետ ական թատրոնում տեղի է ունեցել Հայկյան 10-րդ մրցանակաբաշխությունը, որին ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից սահմանված Հայկյան մրցանակներ են ստացել 2012թ. երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած ուսանողական և երիտասարդական կառույցները, լավագույն երիտասարդական ծրագրերը։
Նախաձեռնության նպատակն է խրախուսել բոլոր այն երիտասարդական կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում առանձնացել են իրենց ակտիվությամբ, ծրագրային բովանդակությամբ և ծրագրերի քանակով,- նշել է ՀՀ երիտասարդական րժհիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:
Նա նշել է, որ մրցանակաբաշխության գլխավոր նպատակը մեր երկրում հասարակության, այդ թվում երիտասարդների կյանքն ակտիվացնելն է:
Հայկյան մրցանակներ էին սահմանվել 12 անվանակարգում։
«Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը, «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգում՝ Արմեն Սարգսյանը։ «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ» անվանակարգում առաջինը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից իրականացված սոցիալապես անապահով ուսանողներին սննդով աջակցման ծրագիրն էր։ «Լավագույն միջբուհական ծրագիրը» ԵՊԼՀ ուսխորհրդի կողմից իրականացվող «Դասավանդում են բրյուսովցիները» նախաձեռնությունն էր։ «Լավագույն երիտասարդական ՀԿ Երևանում» անվանակարգում մրցանակի է արժանացել ԱՐՄԱԿԱԴ-ը։ Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիրը՝ «Նոբելյան մրցանակակիրների հանրային դասախոսությունները» ծրագիրն էր։
Չորս հատուկ մրցանակները հանձնել է անձամբ ՀՀ նախագահը: Հանրապետության ղեկավարից իրենց մրցանակներն են ստացել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը՝ «Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց» անվանակարգում, ՀՀ պետական երիտասարդական նվագախումբը՝ «Երիտասարդության շրջանում մշակութային արժեքները լավագույնս ներկայացրած կազմակերպություն» անվանակարգում, Արարատյան Հայրապետական Թեմի «ԱՐԱՐԱՏ» հոգևոր միությունը՝ «Երիտասարդության շրջանում հոգևոր դաստիարակությանն ուղղված ծրագրերի համար» անվանակարգում և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը՝ «Հայաստանի Հանրապետությունում ուսանողական շարժման կազմավորման ակունքներում կանգնած կառույց» անվանակարգում:
Մրցանակաբաշխության ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին, շնորհավորել բոլոր մրցանակակիրներին և կարևորել այս նախաձեռնությունը՝ մաղթելով հետագա հաջողություններ: Հանրապետության ղեկավարը երիտասարդներին հորդորել է արդյունավետ օգտագործել իրենց ժամանակը, ակտիվ կենսակերպ վարել և իրենց գործունեությամբ փորձել հնարավորինս օգտակար լինել մեր հասարակությանն ու պետությանը: